«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հնարավոր է՝ նախօրեին Վրաստան ներմուծված հայկական կարտոֆիլը լաբորատոր փորձաքննություն անցնի երրորդ երկրում, որն էլ, ամենայն հավանականությամբ, կլինի Ռուսաստանի Դաշնությունը։
Հիշեցնենք, որ նախօրեին «Սադախլո» մաքսային անցակետով ՀՀ-ից 350 տոննա կարտոֆիլով բեռնված 14 մեքենա է մտել Վրաստան։ Ըստ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության՝ անցակետում զննման ժամանակ հայտնաբերվել են կարտոֆիլի՝ (գորշ փտում) վնասատու միկրոօրգանիզմներով վարակման նշաններ։
«Ժողովուրդ»-ը ՀՀ ԳՆ ԱԱՊԾ-ից տեղեկացավ, որ վրացական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ Վրաստանի տարածքում կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքներով կարտոֆիլը վարակված ճանաչվելու դեպքում հայկական և վրացական կողմերի մասնակցությամբ համատեղ նմուշառում պետք է իրականացվի և ուղարկվի երրորդ երկիր՝ լաբորատոր փորձաքննության։
Այսօրվա դրությամբ Վրաստանի «Սադախլո» սահմանային անցակետում առկա է ՀՀ-ից արտահանված մոտ 350 տ կարտոֆիլ։ Ըստ ԱԱՊԾ-ի տեղեկությունների՝ յուրաքանչյուր բեռնատարից վրացական կողմը նմուշառում է իրականացրել և ուղարկել լաբորատոր փորձաքննության. այժմ սպասում են պատասխաններին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։