Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին հայտնեց, որ երկու օր առաջ Մոսկվայում չորս երկրների նախագահների հանձնարարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն էր քննարկել ՀՀ-ի միացումը Մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքին:
«Աշխատանքային խմբի մեջ ընդգրկված են Ղազախստանի, Բելառուսի, Ռուսաստանի և Հայաստանի եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետները և խմբի առջև դրված էր խնդիր, որպեսզի հստակ պատկերացում կազմվի, թե ինչ ծավալի աշխատանք մենք պետք է միասին իրականացնենք և աշխատանքային խումբը պետք է նախապատրաստի ճանապարհային քարտեզ»,-իր խոսքում նշեց ՀՀ վարչապետը:
Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ բոլոր գերատեսչություններին լարված աշխատանք է սպասվում:
«Դեկտեմբերի հինգին նախատեսվում է աշխատանքային խմբի առաջին հանդիպումը և դա նշանակում է, որ մենք արդեն պետք է պատրաստ լինենք մեր գործընթացներին: Մենք պետք է հասցնենք դեկտեմբեր ամսին ունենանք ճանապարհային քարտեզ, որպեսզի ներկայացնենք նախագահների հաստատմանը»,-նշեց վարչապետը:
Տիգրան Սարգսյանը Սանկտ-Պետերբուրգում հանդիպել է Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի վարչապետների հետ և քննարկել են Մաքսային միության մեր անդամակցության հետ կապված մի շարք խնդիրներ և վարչապետի խոսքով, երեք երկրների վարչապետները մեզ խոստացել են փաստաթղթերի նախապատրաստման և միջոցառումների իրականացման գործում աջակցություն ցուցաբերեն: