Արդեն տեղեկացրել էինք, որ կառավարության շենքի դիմաց անհասկանալի թվով ոստիկաններ, պարեկային ծառայության աշխատակիցներ են հավաքվել: Այս պահին լարված իրավիճակ է Կառավարության շենքի առջև:

«Կուտակային կենսաթոշակների» մասին ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ ակցիայի մասնակիցները «ոչ պարտադիրին» վանկարկումներով կառավարությունից պահանջում են հետ կանչել օրենքը:
Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, շենքի առջև են նաև կարմիր ջոկատայինները, ոստիկանները:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի խոսքով իրենք հասարակական կարգն են ապահովում, իսկ ոստիկանների թվով շատ լինելը, ըստ Օսիպյանի, նորմալ է:

Այս պահին ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «պատասխան», ծափահարում, սուլում են և փուչիկներ են օդ բաց թողնում: Նրանք սպասում են, որ կառավարության անդամներից ինչ-որ մեկը դուրս կգա և իրենց հարցերին կպատասխանի:

Սակայն կառավարության շենքից դուրս եկավ միայն կառավարության ներկայացուցիչը, ով վերցրեց ակցիայի մասնակիցների նամակը և անմիջապես հեռացավ՝ հարցերին չպատասխանելով:

Ակցիայի մասնակիցները բղավում են, որ իրենց այս հավաքը շարունակական է լինելու և նրանք նորից հավաքվելու են կառավարության շենքի առջև այնքան ժամանակ, քանի դեռ օրենքը հետ չի կանչվել: