«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դեռևս նոյեմբերի սկզբին Վրաստանը հայկական կողմին հետ էր վերադարձրել արտահանված կարտոֆիլի 500տ խմբաքանակը՝ մեկնաբանությամբ, որ խմբաքանակում հայտնաբերել են կարանտին վնասատու: Բացառելով կարանտին վնասատուի առկայությունը՝ պատասխանատու չինովնիկները խոստացան գնալ և տեղում պարզել և լուծում տալ խնդրին:

Վերադառնալուց հետո հանդես եկան զարմանալի հայտարարությամբ, որ հայտնաբերված վնասատուն Հայաստանից արտահանված կարտոֆիլում չի հայտնաբերվել, տեղի է ունեցել շփոթմունք, սակայն, չգիտես ինչու, նույն չինովնիկները համաձայն չէին լրագրողների հետ, որոնք կասկածելով ստացված տեղեկատվության միանշանակության հարցում` պնդում էին, որ եթե մեր կարտոֆիլը վարակված չէ, ապա ինչու չեք բողոքարկում վրացական կողմի նման պահվածքի դեմ: Չինովնիկներն էլ մեկնաբանում էին, որ կողմնակից են կառուցողական աշխատանքի:

Վրացական չինովնիկները կարծես ծանոթանալով մեր չինովնիկների մեղադրանքներին հավանաբար մամուլի հրապարակումների միջոցով` պատասխանեցին, որ հնարավոր չէ, որ լինի շփոթմունք, քանզի այդ սահմանային անցակետերով ներմուծում իրականացվում է բացառապես Հայաստանից:

Չգիտես ինչու, մեր չինովնիկները չարձագանքեցին իրենց սուտ տեղեկություն տարածելու մեջ մեղադրող իրենց գործընկերներին, որոնց պահվածքը, մեղմ ասած, կառուցողական համարել չի կարելի: Եվ միայն երբ վրացական կողմն օրեր առաջ կրկին կասեցրեց հերթական խմբաքանակի ներմուծումը, հանդես եկան հայտարարությամբ, որում կրկին անգամ բացառում են կարանտին վնասատուի առկայությունը:

Ցավոք, հիմնավորումները շատ թույլ են, և տպավորությունն այնպիսին է, որ ուղղակի չեն ցանկանում իրականացնել օրենքով սահմանված իրենց պարտավորությունները: Եթե իրականացրել են մոնիթորինգ ու հիվանդություն չեն հայտնաբերել, նշանակում է մոնիթորինգն են վատ իրականացրել, կամ, ի վերջո, լաբորատոր փորձաքննության հետ ունենք խնդիր և հաշվի առնելով նաև այն, որ վրացական կողմը կարծես քաղաքականություն չի կիրառում և ոչ բոլոր խմբաքանակների ներմուծումն է արգելում, իսկ հայկական կողմը, չգիտես ինչու, միայն նոր է հիշում, որ կարելի է 3-րդ երկրում իրականացնել լաբորատոր փորձաքննություն, մինչդեռ 3-րդ երկրին կարելի էր պատվիրել փորձաքննության ենթարկել դեռ նախորդ հետ վերադարձված խմբաքանակը` ստացվում է, որ պատասխանատուները միայն խիստ կասկածելի տեղեկատվություն են տրամադրում: Կարանտին վնասատուն առաջին հերթին վնասում է մեր տնտեսությանը, իսկ վրացական կողմն իր գործողություններով ապացուցում է, որ «մեր չինովնկների» հայտարարությունները, մեղմ ասած, արժանահավատ չեն:

Նման, ոչինչ չասող հայտարարությունների փոխարեն անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել` ի վերջո վնասատուն հայտնաբերելու և վերջինիս դեմ պայքարելու ուղղությամբ: Ի վերջո, եթե բերքի նույնիսկ 1 տոկոսը վարակված է, դա չի կարող ազդել տեղական արտադրանքի հեղինակության վրա, իսկ երբ հերքում ես առանց լուրջ ապացույցների, ընդամենը նոր թշնամիներ ես ձեռք բերում, որոնք էլ, օգտվելով մեր չինովնիկների ոչ պրոֆեսիոնալ լինելուց, փորձելու են իրականացնել ամեն ինչ` տեղական արտադրանքի վարկանիշը վնասելու համար»: