Հայաստանի Դեմոկրատական կուսակցության Հանրապետական խորհուրդը շնորհավորում է Սերժ Սարգսյանին` ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով և ակնկալում իրական բարեփոխումներին ուղղված անհապաղ գործողություններ: Այս մասին, մասնավորապես, ասված է կուսակցության` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում:

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի Դեմոկրատական կուսակցության Հանրապետական խորհուրդի ուղերձն ամբողջությամբ.

«Ընդունելով ՀՀ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, շնորհավորում ենք Ձեզ ՀՀ նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու առիթով:

Միաժամանակ գտնում ենք, որ մրցակցային պայմաններում անցկացված ընտրությունները բացահայտեցին ընտրողների ստվար զանգվածի դժգոհությունը մեր երկրում տիրող սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական վիճակից: Մեկ անգամ ևս հաստատվում է, որ գործող համակարգի պայմաններում անհնար է երկրում ապահովել ժողովրդի կողմից սպասված արմատական փոփոխությունները: Սոցիալական արդարության կարոտ մեր հասարակությունը, այդ թվում և մենք, արդարացի պահանջատեր ենք իրական բարեփոխումների հարցում, ակնկալելով անհապաղ գործողություններ:

Մաղթում ենք Ձեզ առողջություն, քաղաքական կամք»: