Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է
ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի հերթական նիստը:

Անցնելով օրակարգային հարցերին` խորհուրդն իր վերաբերմունքն է արտահայտել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի և «գենդեր» տերմինի շուրջ ձևավորված իրավիճակի նկատմամբ և ընդունել համապատասխան հայտարարություն: «1993 թվականին վավերացնելով Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որն իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ է, Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց որոշակի պարտավորություններ, այդ թվում նպատակ ունենալով վերացնելու կանանց հանդեպ խտրականությունն իր բոլոր դրսևորումներով: Օրենքի ընդունումը և դրա հետագա իրականացումը լուրջ առաջընթաց կհանդիսանա Հայաստանում կանանց և տղամարդկանց փաստացի հավասարությունն ապահովելու գործում:

Հավատարիմ լինելով ստանձնած պարտավորություններին` հարգել, պաշտպանել և նպաստել կանանց իրավունքների իրականացմանը, ապահովելու կանանց զարգացումն ու առաջխաղացումը, ինչպես նաև տղամարդկանց հետ իրավական և փաստացի հավասարությունը, Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է իրականացնել նշված խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը, այդ թվում գենդերային քաղաքականության և ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագրերը: Կանանց խորհուրդը կոչ է անում քաղաքական և հասարակական գործիչներին զերծ մնալ չհիմնավորված մեկնաբանություններից ու հայտարարություններից, որոնք որևէ առնչություն չունեն հավասարության ու մարդու իրավունքների ապահովման հետ: Կանանց խորհուրդը նպատակահարմար է համարում նաև հետագայում ավելի մեծ ուշադրություն արժանացնել կանանց իրավունքների և գենդերային հավասարության հարցերի լուսաբանմանը, համագործակցելով ինչպես հասարակական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ»,- ասված է հայտարարության մեջ:

Այնուհետև անդրադարձ է կատարվել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի շուրջ ծավալվող քննարկումների պատշաճ մակարդակով կազմակերպմանը:

Քննարկվել են նաև ՀՀ վարչապետի 2014 թվականի «Լավագույն համայնքապետ` գենդերային խնդիրների լուծման ուղղությամբ», «Լավագույն կին-գործարար», «Լավագույն լրագրող` գենեդերային հիմնահարցերի լուսաբանման գործում» մրցանակաբաշխությունների կազմակերպմանն առնչվող հարցեր:

Խորհուրդն առաջարկել է 2015 թվականը հայտարարել «Ընտանիքի տարի»:

Քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր: