2013թ. հունվարի մեկից, կառավարության կողմից ներկայացված և օրենսդրության պահանջներին համապատասխանող խաղատներից բացի, որոշում էր կայացվել դադարեցնել մյուսների գործունեությունը, սակայն մինչ 2014թ. հունվարի մեկն այն երկարաձգվեց: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:
«Այժմ հայտարարեմ, որ մյուս տարի երկարաձգում չի լինելու և հունվարի մեկից այդ խաղատները չեն գործելու: Մնալու է միայն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ և Մեղրի վարչական շրջանների խաղատները», - նշեց նա:
Պարզաբանելով իր ասածը, պատգամավորը ներկայացրեց, որ «Զվարթնոց» օդանավակայի պայմանագրով նախատեսված էր Զվարթնոցի շրջակայքում ստեղծել ազատ գոտի, որը կարող էր լինել նաև խաղատուն:
«Օրենքով նախատեսված է՝ ով որ կառավարության կողմից ներկայացված ծրագրով կարող է 40 մլրդ ներդրում կատարել, նրանք կարող են նախատեսված գործունեություն ծավալել և կառավարությամբ նախատեսված վայրերում ունենալ խաղատուն», - նշեց նա:
Նրա խոսքերով, դադարեցվելու է հենց ներդրում չկատարած խաղատների գործունեությունը: Պատգամավորը նշեց, որ այժմ խաղատների հաշվին քսան միլլիոն դրամ բյուջեի մուտք է լինում, որը այսուհետ կնվազի:
Ասուլիսին ներկա ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը նշեց, որ ինքը դեմ է արտահայտվել այս օրենքին, քանի որ գտնում է, որ եկամուտների բևեռացում է լինում, և մարդիկ անօրինական հարստություն են կուտակում։ «Այստեղ կա մտահոգություն, որ մուծելով 40 մլրդ դրամ՝ օտարերկրացիները քո երկիրը կարող են դարձնել խաղատուն», - նշեց նա: