Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի ներդրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում պարգևատրել է մի խումբ գործիչների:

Մասնավորապես, Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել 1993թ. ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանին և 1994-1998թթ. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանին: ՀՀ վարչապետի հուշանվերով են խրախուսվել ՀՀ ԿԲ նախկին նախագահ Իսահակ Իսահակյանը, հայկական դրամի գրանիշի համահեղինակ Կարեն Կոմենդարյանը, դրամանիշերի ձևավորող դիզայներներ Հարություն Սամուելյանը և Աշոտ Մանուկյանը, ՀՀ ԿԲ դրամագիտության փորձագետ Գևորգ Մուղալյանը, 1993-1996թթ. ֆինանսների առաջին փոխնախարար, ներկայիս էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀԽՍՀ պետբանկի հայկական գրասենյակի նախագահի տեղակալ Հենդել Ստեփանյանը և ՀՀ ԿԲ գործառնական վարչության պետ և ԿԲ վարչության անդամ Գևորգ Մաչանյանը:

Վարչապետը շնորհավորել է ներկաներին ՀՀ ազգային արժույթի ներդրման 20-ամյակի կապակցությամբ և բարձր գնահատել պարգևների արժանացած անձանց ավանդը դրամի ներդրման գործում:

***

Դրամաշրջանառության կարգավորման համալիր միջոցառումներ մշակելու և իրականացնելու նպատակով ՀՀ Գերագույն Խորհրդի որոշմամբ ստեղծվել էր Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողով՝ ՀՀ Գերագույն Խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Իսահակ Իսահակյանի և ՀՀ ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանի համանախագահությամբ, որի վրա էլ դրվել էր իրավիճակային որոշումներ ընդունելու պատասխանատվությունը: Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի 19.11.93թ. թիվ 15 որոշմամբ ՀՀ տարածքում նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ է դրվել ազգային արժույթը՝ դրամը: