Շաբաթ օրը կայացած ՀՀՇ արտահերթ համագումարը վերջինը դարձավ Հայաստանի նորանկախ հանրապետության առաջին գաղափարական այդ կուսակցության համար: Ու այս շտապողականությունը, պարզվում է, իր պատճառներն ուներ:Այս մասին գրում է «Ժողովուրդը»:

«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, թե Լևոն Տեր-Պետրոսյանը խորը մտահոգություն է ունեցել առ այն, որ Աժ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը կարող է «սեփականաշնորհել» ՀԱԿ-ը` Կոնգրեսի անվան տակ տանելով ինքնուրույն պայքար և ստեղծելով առանձին ընդդիմադիր միավոր: Եվ որպեսզի խափանվեր այդ ծրագիրը, ՀԱԿ առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանը շտապել է ՀՀՇ-ականներին դեմ գնալով անվանափոխել ՀՀՇ-ն`վերածելով ՀԱԿ-ի: Իսկ այն 28 մարդիկ, որոնք դիմել էին ՀՀ արդարադատության նախարարություն` «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն բացելու նախաձեռնությամբ, առաջիկա օրերին հետ կվերցնեն իրենց դիմումը: Այսպիսով ՀԱԿ-ն «ապահովագրված է»: «Ժողովուրդ»-ը փորձել է Նիկոլ Փաշինյանից պարզել` արդյոք նա նպատակ ունեցել է տիրանալ ՀԱԿ «բրենդին», սակայն վերջինս չցանկացավ մեկնաբանել: