Այսօր slaq.am լրատվական կայքի հրապարակման համաձայն՝ հայտնի է տարվա լավագույն մարզիկի անունը և իբր դա հրապարակել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: Նույն հրապարակման մեջ նշվում էր նաև, որ տարվա լավագույն մարզիկների թոփ-տասնյակը որոշելու է ավանդույթի համաձայն Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան, իսկ նախարարությունը ըստ այդ արդյունքների պետք է կատարի ընդամենը պետական պարգևների հանձնման արարողությունը՝ տարեվերջյան հանդեսին:
YerevanNews.am-ը այս հարցի հետ կապված դիմեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն՝ պարզաբանում ստանալու համար, թե որքանո՞վ է արդարացի այն, որ նախարարությունը տարվա լավագույն մարզիկների տասնյակը որոշելու հարցում կրկին հիմնվելու է ՀՄԼՖ-ի կողմից ներկայացված ցանկի վրա, մանավանդ որ ամեն տարի ՀՄԼՖ-ի կողմից հրապարակված ցանկից հետո մեծ աղմուկ է բարձրանում դաշտում և շատերն այն համարում են, մեղմ ասած, կանխակալ վերաբերմունքով արված ընտրություն:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի մամուլի խոսնակ Սյուզի Բադոյանը նշված հրապարակման հետ կապված նշեց, որ եղել է լրագրողի կողմից մի փոքր թյուրըմբռնում և ներկայացրեց իրողությունը.
«Իրականում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը ոչ թե հնչեցրել է «արդեն հայտնի դարձած» լավագույն մարզիկի անունը, այլև իր անձնական կարծիքն է հայտնել, թե ով է արժանի այդ տիտղոսին:
Ինչ վերաբերում է տարեվերջին հրապարակվող մարզիկների տարվա լավագույն տասնյակին, ապա ասեմ, որ թոփ-տասնյակը կորոշի ոչ միայն Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան, այլ նաև մյուս բոլոր լրատվամիջոցները՝ իրենց կողմից արված քվեարկության արդյունքում, իսկ մինչ այդ պետք է նախ ի մի բերվի լավագույն մարզիկների ընտրության չոփորոշիչների ցանկը:
Սրանից 15 օր առաջ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը նախարարության պաշտոնական կայքում հրապարակել և լրատվամիջոցներին է տարածել նախարարության կողմից մշակված օլիմպիական և ոչ օպլիմպիական մարզաձևերում մարզական արդյունքների գնահատման չափորոշիչների նախնական ցանկը՝ հայտնելով, որ ակնկալում է դրանց վերաբերյալ մարզական կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) և մարզական լրագրողների գրավոր առաջարկներն ու դիտողությունները :
Հայտնել ենք նաև, որ համակողմանի առաջարկների ընդհանուր պատկերն ավելի ճշգրիտ ու իրատեսական դարձնելու նպատակով առաջիկայում նախատեսվում է անցկացնել հանդիպում-քննարկում:
Տեղեկացնեմ, որ քննարկումների օրը հայտնի է, և արդեն իսկ կան բավականին հետաքրքիր առաջարկներ:
Ուստի բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրում ենք մասնակցելու համատեղ քննարկումներին, որը տեղի կունենա նոյեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ին՝ նախարարության դահլիճում», եզրափակեց նա: