Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի հինգերորդ տերմինալի մոտ տեղի ունեցած ավտովթարից ստեղծված մեծ աղմուկը խուճապ է առաջացրել շենքի ներսում, քանի որ այն ընդունել են որպես հերթական հրաձգություն: Այս մասին հայտնում է NBC գործակալությունը` հղում կատարելով տեղի ոստիկանությանը:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքերով տեղի ժամով 19.30 սկսել են հաղորդագրություններ ստանալ կասկածելի աղմուկի մասին, որը թռիչքի սպասող մարդիկ ընդունել են որպես հրաձգության ձայն: Առաջացել է խուճապ: Շատ ուղևորներ սկսել են լքել շենքը: Տերմինալի մոտ ուղարկված ոստիկանները պարզել են, որ աղմուկի աղբյուրը շենքի մոտ գտնվող ավտոկայանում տեղի ունեցած ավտովթարն է:
Ականատեսների կողմից հեռուստաալիքին փոխանցված լուսանկարներում երևում է, որ պատահարի մեղավոր է դարձել ամենագնացի վարորդը, ով կորցրել է վերահսկողությունը: Արդյունքում մեքենան բախվել է շենքի հետ: Վարորդի առողջական վիճակի մասին չի հաղորդվում:
Նոյեմբերի սկզբին LAX օդանավակայանի աշխատանքը խափանվել էր, երբ Լոս Անջելեսի 23 ամյա բնակիչ Փոլ Չանը հրաձգություն էր բացել երրորդ տերմինալում: Հրաձգության արդյունքում մահացել է Տրանսպորտի անվտանգության վարչության աշխատակիցը, մի քանի մարդ ստացել են տարբեր կարգի վնասվածքներ: