Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի միջև հայ-ռուսական ռազմավարական գործակցության, այդ թվում` սպորտի և ֆիզիկական կուլտուրայի բնագավառում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման նպատակադրումից ելնելով, ս.թ. նոյեմբերի 20-22-ը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՌԴ Անվտանգության խորհրդի, Սպորտի նախարարության և Օլիմպիական կոմիտեի միասնական պատվիրակությունը` ՌԴ Սպորտի նախարարի տեղակալ Պավել Նովիկովի գլխավորությամբ:
Այցի շրջանակում ռուսական պատվիրակությանն ընդունել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտի ոլորտում` մասնավորապես փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող սպորտաձևերի մասով, հայ-ռուսական համագործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Ռուսական պատվիրակության անդամներն այցելել են Հայաստանի սպորտային ենթակառուցվածքներ, այդ թվում` Ծաղկաձորի Գլխավոր սպորտային համալիր:
Քննարկումների արդյունքում հայկական և ռուսական կողմերը արտահայտել են իրենց շահագրգռվածությունը ՀՀ և ՌԴ օրենսդրության համապատասխան Ծաղկաձորի Գլխավոր սպորտային համալիրի միասնական շահագործման հարցի վերաբերյալ, հայ և ռուս սպորտսմենների պատրաստման համար հետագա արդիականացման և օգտագործման նպատակով հայ-ռուսական համատեղ ենթակառուցվածքի հիմնման հարցերի շուրջ:
Ազգային անվտանգության խորհրդում ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Նազարեթ Մնացականյանը և ՌԴ Սպորտի նախարարի տեղակալ Պավել Նովիկովը ստորագրեցին ռուսական պատվիրակության` Հայաստան կատարած աշխատանքային այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման մտադրությունների մասին արձանագրություն: