Նոյեմբերի 22-ին Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 42-րդ գլխավոր համաժողովի օրակարգի համաձայն կայացավ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահի ընտրությունը, որին մասնակցեցին եվրոպական երկրների ազգային օլիմպիական կոմիտեների նախագահները: Միակ թեկնածուն գործող նախագահ Պատրիկ Հիկեն էր, ով միաձայն վերընտրվեց: Պատրիկ Հիկեն ԵՕԿ-ը ղեկավարում է 2005թ-ից:

Գագիկ Ծառուկյանի հանդիպումները տարբեր երկրների սպորտի ղեկավարների հետ շարունակվում են: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը նոյեմբերի 22-ին հանդիպեց ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ Շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սաբահի հետ: Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց վերջին տարիների ընթացքում մեր մարզաշխարհում կատարված բարեփոխումները: Ալ Սաբահին իր խոսքում նշեց, որ մինչ այս շատ էր լսել Գագիկ Ծառուկյանի մասին և ուրախ է ծանոթության համար: ՀԱՕԿ նախագահը Ալ Սաբահին հրավիրեց Հայաստան, արաբ գործընկերն էլ Գագիկ Ծառուկյանին փոխադարձ այցով հրավիրեց Քուվեյթ:

Այս օրերին ՀԱՕԿ նախագահը Հռոմում պաշտոնական հանդիպումներ ունեցավ նաև Կիպրոսի, Էստոնիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Լատվիայի և Լիտվայի ազգային օլիմպիական կոմիտեների նախագահների հետ, իսկ նոյեմբերի 23-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահին կընդունի Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը: