Գերմանիայի առաջնության 13-րդ տուրի կենտրոնական խաղում հանդիպել էին Դորտմունդի «Բորուսիան» և Մյունխենի «Բավարիան»: Գործող չեմպիոնները 3:0 հաշվով առավելության հասան փոխչեմպիոնների նկատմամբ:
Հայաստանի հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվեց 71-րդ րոպեին: Փոխարիմուից առաջ Մխիթարյանը դարպասը գրավելու հիանալի հնարավորություն ուներ, սակայն բարձր հարվածեց,-այս մասին գրում է armsport.am:
Չնայած խոշոր հաշվին՝ խաղադաշտում հավասար պայքար էր ծավալվել: Երկու թիմերն էլ հրաշալի հնարավորություններ ունեին առաջին խաղակեսում: Առաջին գոլից հետո «Բորուսիան» լավ հնարավորություններ ուներ՝ հաշիվը հավասարեցնելու համար:
Հանդիպման առաջին գոլը խփեց Մարիո Գյոտցեն, ով ամռանը հենց «Բորուսիայից» է տեղափոխվել «Բավարիա»: Երկրորդ գոլը «Բավարիայի» ֆուտբոլիստները խփեցին հակագրոհի արդյունքում. ձախ եզրով անցումից հետո գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Արյեն Ռոբենը: Այդ գոլից անմիջապես հետո գրանցվեց երրորդ գնդակը. Մյուլերը հաշիվը դարձրեց խոշոր:
«Բորուսիա» Դ. - «Բավարիա»՝ 0:3
Այս հաղթանակից հետո «Բավարիան» վաստակում է 35 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Բորուսիան» 28 միավորով արդեն երրորդն է: