Հռոմում ավարտվեց Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 42-րդ գլխավոր համաժողովը: Համաժողովի շրջանակներում նոյեմբերի 22-ին կայացավ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահի ընտրությունը, որին մասնակցեցին եվրոպական երկրների ազգային օլիմպիական կոմիտեների նախագահները: Միակ թեկնածուն գործող նախագահ Պատրիկ Հիկեն էր, ով միաձայն վերընտրվեց: Պատրիկ Հիկեն ԵՕԿ-ը ղեկավարում է 2005թ-ից:
Գագիկ Ծառուկյանը մինչև ընտրությունը հանդիպեց Պատրիկ Հիկեին և իր աջակցությունը հայտնեց նրան: Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահը ջերմ ընդունելության արժանացրեց իր ընկերոջը` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահին և գոհունակությամբ հիշեց 2006 թվականին Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան կատարած իր այցը: Գագիկ Ծառուկյանը Պատրիկ Հիկեին կրկին հրավիրեց Հայաստան: Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահն ընդունեց հրավերը:
ՀԱՕԿ նախագահը պաշտոնական հանդիպումներ ունեցավ Կիպրոսի, Էստոնիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Լատվիայի և Լիտվայի ազգային օլիմպիական կոմիտեների նախագահների հետ: Կողմերը փոխշահավետ համագործակցության պայմանագիր ստորագրեցին, որի համաձայն մարզիչների համար սեմինար-պարապմունքներ կկազմակերպվեն, իսկ մարզիկները համատեղ ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն՝ պատրաստվելով միջազգային կարևորագույն մրցաշարերին: Գագիկ Ծառուկյանն իր գործընկերներին հորդորեց հենց այսօրվանից գործի անցնել և պայմանագրում նշված կետերը չթողնել թղթի վրա: ՀԱՕԿ նախագահը հանդիպեց նաև ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ Շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սաբահի հետ: Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց վերջին տարիների ընթացքում մեր մարզաշխարհում կատարված բարեփոխումները: Ալ Սաբահին իր խոսքում նշեց, որ մինչ այս շատ էր լսել Գագիկ Ծառուկյանի մասին և ուրախ է ծանոթության համար: ՀԱՕԿ նախագահը Ալ Սաբահին հրավիրեց Հայաստան, արաբ գործընկերն էլ Գագիկ Ծառուկյանին փոխադարձ այցով հրավիրեց Քուվեյթ:
Եվրոպական օլիմպիական կոմիտեի 42-րդ գլխավոր համաժողովի վերջին օրը Գագիկ Ծառուկյանը հանդիպեց միջազգային օլիմպիական կոմիտեի նորընտիր նախագահ Թոմաս Բախի հետ: ՄՕԿ-ի նախագահը նշեց, որ տեղյակ է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կատարած աշխատանքներից և խոստացավ առաջիկայում այցելել Հայաստան:
Եվրոպայի օլիմպիական կոմիտեի համաժողովի մասնակիցներին Վատիկանում ընդունեց նաև Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը: Կաթոլիկների հոգևոր առաջնորդը ողջունեց և օրհնեց ներկաներին: