Հրազդան ՔԿՀ-ի դատապարտյալ Արթուր Սմբատյանը ԱԱԾ առաջին տեղակալին, ՀՀ Գլխավոր դատախազին, ԱԱԾ քննչական վարչության պետ գեներալ-լեյտենանտին և ՀՀ ոստիկանության քննչական վարչության գլխավոր պետին նամակներ է գրել, որտեղ պահանջել է իր քրեական գործի քննության վերսկսումը:

Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց դատապարտյալ Արթուր Սմբատյանի մայր՝ Ռոզա Սարդարյանը, ով մի քանի օր առաջ տեսակցել է որդուն և վերջինս պատմել է նամակների ողջ բովանդակությունը:

«Որդիս իր նամակներում բոլորին գրել է, որ խնդրում եմ անհապաղ այցելել Հրազդան քրեակատարողական հիմնարկ՝ լուրջ հանցագործությունների մասին հայտնելու համար, որոնք ուսադիր կրող մի շարք պաշտոնյանների կողմից քողարկվել են: Իսկ այսօր էլ նամակ է գրել ՀՀ նախագահին, որտեղ էլ խնդրել է նախագահից աջակցել իրեն՝ այս գործը բացահայտելու համար»,-իր խոսքում նշեց Ռոզա Սարդարյանը:

Վերջինս հայտնեց, որ նամակներից հետո ՔԿՀ են այցելել գլխավոր դատախազությունից և կալանավայրերի վերահսկող դատախազը և իր որդուց պահանջել են նամակի միջոցով մանրամասներ հաղորդել և այն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:

«Քանի որ գտնվել է Նուբարաշեն ՔԿՀ-ում, բազմիցս ուզեցել է բարձրաձայնել այս գործի մասին, բայց անընդհատ կանխվել է, քանի որ նրան կանչել են դիմումը պատռել են տվել, վախացրել են, ասել են «երկու հատ փոքր երեխա ունես, բա որ տնից դուրս գան իրանց հետ մի բան լինի, քո համար կարա էստեղ վատ լինի» և նմանատիպ ճնշումների պատճառով որդիս վախեցել է և դիմումները պատռել է, բայց քանի որ հիմա գտնվում է Հրազդան ՔԿՀ-ում, այստեղից արդեն գրել է»,-ասաց դատապարտյալի մայրը:

Տիկին Ռոզան հայտնում է, որ որդին իրեն պատմել է, որ նամակներում մանրամասն ներկայացրել է այս տարիների ընթացքում ՔԿՀ-ում իր հետ կատարվածը:

«Մանրամասն գրել է և ասել է, որ ինձ պետք չի էդ նույն բարձրաստիճան սպաներին, հերթափոխի պետերին դատապարտեն: Եթե Արմեն Պետրոսյանի ցուցմունքները ուսադիր կրողների մասով արժանահավատ չէին, ուրեմն իմ որդու մասով էլ թող անարժան համարեին, որ նրանք ուսադիրներ են կրում ինչ է իրենց կարելի՞ էր»,-ասաց դատապարտյալի մարյը և հավելեց, որ Արմեն Պետրոսյանն այն մարդն է, ով գրել է, որ Արթուր Սմբատյանը իրենց հետ մասնակցել է 188 էպիզոդով չբացահայտված գողությունների, բայց իրականում, ըստ Ռոզա Սարդարյանի, իր որդին մեկ օր է ներկա եղել և իր մեղքն ընդունել է և ստացվում է, որ սուտ ցուցմունքի հիման վրա նրան 8 տարով դատապարտել են:

«Դատարանում անընդհատ բարձրաձայնել է, որ ինչի համար դատարան չեք կանչում ՔԿՀ-ի այն աշխատակիցներին, որ Արմեն Պետրոսյանն իր ցուցմունքներում հայտնել է, թե ՔԿՀ-ի աշխատողներին գումարներ ենք տվել շենքից դուրս գալու համար, նրանց էլ կանչեք, սակայն դատավորը դատը հետաձգել ու խոչընդոտել է, որ չբարձրաձայնեք: Հիմա եկել է Հրազդան ՔԿՀ, Նուբարաշենից հեռու է և բարձրաձայնում է»,-ասաց Ռ. Սարդարյանը:

Որդին մորը հայտնել է պաշտոնյանների անուններ, որոնց մասին գրել է իր նամակներում:

«Երեմյան Արեստակ, նախկինում եղել է ՀՀ գլխավոր դատախազության քննիչ և այս գործը կարճել է: Որդուս ասել էին դու իրա դեմ բան չես կարա անես, քանի որ ինքը ՀՀ նախկին գլոխավոր դատախազի հետ մտերիմ է: Նուբարաշեն ՔԿՀ-ի հերթափոխի պետ Աշոտ Մոսինյանն անընդհատ վախեցրել է, ճնշում է գործադրել, որ ով ես, որ մեր դեմ դուրս գաս, իմ աներձագը փրկարարների փոխնախարարն է, ինքը իմ մեջքին սարի պես կանգնած է քեզ կկործանենք: Օպեր բաժնի պետ Հակոբջանյան Հովիկը սկզբից վախացրել է, հետո առաջարկել է իրեն մի հարցում օգնել: Ասել է, թե ես լսել եմ, որ դու մասնաշենքի հսկիչների հետ ջերմ հարաբերությունների մեջ ես, այնպես արա, որ տեսուչներից մեկի միջոցով չթույլատրվող իր մտցնենք հիմնարկ, մենք բռնենք ցուցանիշ ցույց տանք, մեր համար լավ կլինի, քեզ էլ կօգնենք հոդվածդ կկրճատեն»,-ասաց Ռ. Սարդարյանը:

Փաստորեն ստացվում է, որ պաշտոնյան շահագործելով դատապարտյալին, վերջինիս խաբելով և շահագործելով թմրամիջոցը մտցրել է ՔԿՀ, և վերջում հրաժարվել է նախնական իր խոստումը կատարելուց, ինչի հետևանքով էլ Արթուր Սմբատյանի կալանքը երկարացվել է:

Դատապարտյալի մայրը շարունակ ներկայացնում էր պատմություններ, թե ինչ օրեր է որդին բանտում անցկացրել և շարունակում է դեռ անցկացնել մի շարք ուսադիրներ կրող պաշտոնյանների ձեռքի տակ: Այժմ Ռոզա Սարդարյանն ակնկալում է, որ ՀՀ գլխավոր դատախազն այս գործին ընթացք կտա և վերջապես այս քրեական գործի «կծիկը» կբացահայտվի:

Ռոզա Սարդարյանը նշում է, որ որդին մի քանի անգամ դիմել է ինքնավնասման փորձերի, սակայն որդու այդ քայլերը մայրը ներկայացնում է հետևյալ կերպ, որ իրեն վնասելու պատճառները եղել են որդու նկատմամբ ստեղծված անարդարություններն ու կեղծիքը, որոնց պատճառով շարունակում է դեռ իր երիտասարդ կյանքն անցկացնել բանտում:

Մայրը հայտնեց, որ 8 տարվա ազատազրկման դատապարտված իր որդին,կալանավոր Ա.Սմբատյանը տառապում է վիրուսային «Հեպատիտ C»-ով, Բոտկինի հիվանդությամբ: Նրա մոտ ըստ բժշկական տեղեկանքի, առկա է խրոնիկակական բրոնխիտ, «հաճախակի կրկնվող իրավիճակային ռեակցիաներ»:

Ունի երկու անչափահաս երեխաներ, հայրն էլ երկրորդ կարգի հաշմանդամ է: