Սեպտեմբերի 3-ից ՀՀ-ն թևակոխել է մի փուլ, որն ամենաօրհասականն է մեր պետականության և դրա պատնության ընթացքի համար:
Հայտարարելով, որ Հայաստանը մտնում է ՄՄ` Սերժ Սարգսյանը դրան զուգահեռ, ըստ էության, մանդատ տվեց Ռուսաստանին ղեկավարելու Հայաստանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարություն արեց ՀՀ քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը` հավելելով, որ ՄՄ-ին անդամակցելը հակասահմանադրական է, և դրանով մենք կկորցնենք մեր ինքնիշխանությունը, իսկ առանց դրա չկա պետականություն:
«Հիմա սրընթաց գնում է մի գործընթաց, որը հանգեցնելու է նրան, որ Հայաստանն ամբողջովին կազմի ռուսական կայսրության մաս: Մենք այսօր փաստացի արդեն անկախ պետություն չենք: Ի՞նչ պետք է հետևեր դրան. եթե պետք է անմիջապես բարձրացվեր Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը, քանի որ գործողություններն ամբողջովին հակասում են ՀՀ Սահմանադրությանը: Առնվազն, պետք է պահանջ դրվեր, որպեսզի ձևավորվեր խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով, որը պետք է պատրաստեր Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը»,- իր խոսքում նշեց Շահնազարյանը` նշելով նաև, որ այսօրվա ԱԺ-ն, բացառությամբ մի քանի հատուկենտ պատգամավորների, ամբողջությամբ վերահսկվում է Ռուսաստանի կողմից: Նա համոզված է, որ մեծամասնությունը Սերժ Սարգսյանի միջոցով, երկրորդ մասը` առաջին հերթին` հանձինս ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի` Ռոբերտ Քոչարյանի միջոցով:
Շահնազարյանը հայտարարեց, որ մինչև սեպտեմբերի 3-ը ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, ըստ էության, արդեն իրենց ողջ գործունեությամբ Հայաստանի իշխանության ձևավորման գործընթացը հանձնել էին Մոսկվային:
«Փոխանակ պահանջելու Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը հակասահմանադրական քայլերի համար, նրանք ընդհամենը պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը: Տարբերությունը շատ մեծ է: Ո՞րն է այդ տարբերությունը. բոլոր այն մեղքերում, որոնցում մեղադրում են Սերժ Սարգսյանին, կարելի է բոլոր որակներն էլ վերագրել նաև իրենց: Այսինքն ` մենք ունենք քրեաօլիգարխիկ իշխանություն և նույն քրեաօլիգարխիկ ընդդիմություն, հանձինս Քոչարյանի քաղաքական ենթակառուցվածքների: Հրաժարական պահանջողներն իրենց բոլոր որակներով գտնվում են նույն հարթության մեջ, ինչ որ իշխանությունն է»,- այսպիսի գնահատկան տվեց Շահնազարյանը` նշելով, որ նույն բարոյական համակարգով իշխանությունն ու Քոչարյանի ենթակառուցվաքները, նույն արժեքային համակարգում, նույն կրկնակի ստանդարտներով օրենքին և օրինականությանն ընդդեմ:
Նրա մոտ հարց է ծագում, թե ինչու՞ են պահանջում հրաժարական, ոչ թե պաշտոնանկությունը: Նրա խոսքերով, առաջինը, եթե իշխանությունը սեպտեմբերի 3-ին դարձավ պրոռուսական և հիմա իրականացնում է Ռուսաստանի բոլոր հրահանգները, ապա այսպես կոչված ընդդիմությունն ի սկզբանե այդպիսին էր, ավելին` Շահնազարյանի համոզմամբ` դրանք հայաստանածին չեն:
«Ըստ էության` ողջ քաղաքական ուժերը սպասարկում են միայն ու միայն Ռուսաստանի շահերը: Այդ իսկ պատճառով ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը երբեք պաշտոնանկության պահանջ չեն ներկայացնի, քանի որ այս քաղաքական համակարգը կարող է գոյատևել միմյայն Ռուսաստանի հովանու տակ, օտարի´ հովանու տակ»,- ասաց Շահնազարյանը` կարծիք հայտնելով նաև, որ պաշտոնանկություն չպահանջելով` այդ խմբակցությունները նպատակ են հետապնդում հասարակությանը շեղել ավելի կարևոր հարցերից, ինչպիսիք են` հակասահմանադրական քայլերը Սերժ Սարգսյանի կողմից, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ռազմամթերք վաճառելը:
«Շատ ցավալի է, որ նրանց հաջողվել է մոլորության մեջ գցել նաև որոշ ազատամարտիկների` չհասկանալով, որ ազատամարտիկները նպաստում են այդ գործընթացին: Ես կոչ եմ անում ազատամարտիկներին` բարձրացնել ոչ թե Սերժ Սարգսյանի հրաժարականի, այլ պաշտոնանկության հարցը: Կարող եք վստահ լինել, որ դրանից հետո ռուսական բոլոր ուժերը կկորցնեն իրենց ազդեցությունը»,- իր խոսքում նշեց քաղաքական գործիչը: