Երևան-Մոսկվա համագործակցության ծրագրի շրջանակում նոյեմբերի 26-ից 28-ը Մոսկվայում անցկացվող Երևանի օրերին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու նորակառույց համալիր:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանը, ողջունելով Երևանի քաղաքապետին և պատվիրակության անդամներին, հյուրերին ուղեկցել է շրջելու համալիրի տարածքով: Համալիրի բացումն ու Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու օծումը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերին: Մայր տաճարը, որն ի դեպ կառուցվել է Հայոց պատմական մայրաքաղաք Անիին հարակից քարհանքերից բերված վարդագույն տուֆով, Հայաստանի սահմաններից դուրս կառուցված ամենամեծ եկեղեցին է: Հայկական ճարտարապետության ոճով Մոսկվայի կենտրոնում կառուցված եկեղեցական համալիրն ընդգրկում է 1.3 հեկտար տարածք: Վանական համալիրի տարածքում են գտնվում նաև Սուրբ Խաչ փոքր եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային կենտրոնը, թանգարանը, հանդիսությունների և այլ սրահներ ու մասնաշենքեր: Երևանի պատվիարկության անդամները ծանոթացել են նաև «Հայերը Մոսկվայում. Պատմական ուղի» խորագրով ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշներին:

Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանը, ներկայացնելով առաջնորդարանի կողմից տարվող աշխատանքներն ու ծրագրերը, նշել է, որ համալիրն այսօր կարևոր դեր է ստանձնել ինչպես Մոսկվայի հայ համայնքի, այնպես էլ ռուսաստանաբնակ հայության հոգևոր կյանքի և ազգային-մշակութային արժեքների պահպանման ու տարածման գործում՝ դառնալով Ռուսաստանի հայերի հոգևոր կենտրոն: