Քանի որ Հայաստանի կառավարությունը շարժվում է դեպի Մոսկվայի գլխավորությամբ Մաքսային Միություն, շատ ձեռնարկատերեր վախենում են այն բանից, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ առևտրական համաձայնագրերը իրենց եկամուտի վրա:

Նոյմեբերի 6-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնապես սկիզբ դրեց անդամակցելու գործընթացին՝ ստորագրելով հուշագիր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ:  
Հայաստանի բնակիչները դեռևս փորձում են հասկանալ, թե ինչ նշանակություն կունենա նրանց համար դաշինքին անդամակցելը:
Կազմակերպության մեջ մտնելը նշանակում է, որ կվերացվեն առևտրական խոչընդոտները Մաքսային Միության այլ անդամների հետ, սակայն միաժամանակ բարձրանալու են այլ պետություններից ներմուծվող ապրանքների մաքսային վճարները: Դա պետք է անհանգստացնի Հայաստանին, որի առևտրական ծավալը Եվրամիությունում զգալիորեն գերակշռում է Ռուսաստանի, Բելոռուսի և Ղազախստանի հետ ունեցած ծավալը իրար հետ վերցրած:
Պետպաշտոնյաները հաստատում են, որ անդամակցությունը կօգնի տնտեսությանը, որը մինչև այժմ չի վերականգնվել 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո, սակայն դեռևս ոչ մի մանրամաս չեն բացահայտել:
Segodnya.ua տեղեկատվական կայքին տված հարցազրույցի ժամանակ վարչապետ Սարգսյանը հայտարարեց, որ երկիրը օգուտ կքաղի Մաքսային Միության անդամ պետությունների հետ ավելի սերտ համագործակցությունից:
Միաժամանակ նա խոստովանեց որոշակի վտանգների առկայությունը «Մաքսային Միության մաքսային տուրքերն ավելի քան երկու անգամ գերակշռում են երրորդ պետությունների հետ համեմատած:Մենք կհանդիպենք որոշակի դժվարությունների»: 

Մինչև այս տարվա սեպտեմբերը, Սարգսյանը և այլ պաշտոնյաները նման հայտարարություններ էին կատարում այլ տնտեսական բլոկի՝ Եվրամիության հետ ինտեգրացիայի առավելությունների մասին: Այդ պատճառով նախագահ Սերժ Սարգսյանը մեծ զարմանք առաջացրեց՝ հայտարարելով, որ Հայաստանը մտադիր է մտնել Մաքսային Միություն: ԵՄ-ի հետ «Ասոցացման համաձայնագրի» հետ կապված երեք տարի տևած բանակցությունները, որոնք հաջողությամբ ավարտվել էին, ապարդյուն անցան այն բանից հետո, երբ եվրոպացի պաշտոնյաները հստակ հայտարարեցին, որ Հայաստանը չի կարող ստորագրել միաժամանակ երկու լրիվ տարբեր առևտրական համաձայնագրեր:

Ինչպես IWPR-ին հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Կարինե Մինասյանը դեռևս վաղ է որոշ կանխատեսումներ կատարել, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա Մաքսային Միություն անդամակցությունը:«Տվյալ պահին մենք չունենք հաշվարկների վերջնական տվյալները և ես դժվարանում եմ ձեզ թվեր հայտնել: Շատ բան կախված է, թե ինչպիսի պայմաններով մեր երկիրը կմտնի Մաքսային Միություն»:

Փոխնախարարը հայտարարել է, որ կառավարությունը ստեղծել է աշխատանքային խումբ, որը մշակում է ամենաօպտիմալ պայմանները առևտրական բլոկում Հայաստանի անդամակցության համար:
Կշռելով դրական և բացասական կողմերը Մինասյանը հայտարարել է «Դրական կարելի է համարել այն, որ հայկական ապրանքները և ծառայությունները կկարողանան ներթափանցել Ռուսաստանի, Բելոռուսի, Ղազախստան շուկաներ առանց մաքսային տուրքերի: Մեզ համար խնդրահարույց է այն, որ շատ ներմուծված ապրանքների նկատմամբ(Մաքսային Միության անդամ չհանդիսացող պետություններից) գործում են բարձր մաքսային տուրքեր, իսկ Հայաստանը ավելի շատ ներմուծում, քան արտահանում է ապրանքներ»:
Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների համաձայն Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության 76 %-ը կապ չունի Մաքսային Միության անդամ հանդիսացող պետությունների հետ: Դա նշանակում է առևտրական գործընկերների մեծ մասից ներմուծվող ապրանքների վրա մաքսային տուրքերի բարձրացում և համապատասխանաբար սպառողական գների աճ Հայաստանի բնակիչների համար:
«Հայաստանի ներկայիս տնտեսական համակարգի համար ներմուծումը շատ կարևոր է: Եթե ներմուծվող ապրանքների գները բարձրանան մաքսային տուրքերի հաշվին, ապա կյանքը երկրում նույնպես կթանկանա: Եթե մենք պատրաստվում ենք մտնել Մաքսային Միություն արագացված տեմպերով, ապա դա նշանակում է, որ Հայաստանում ապրանքների թանկացման հակումը կշարունակվի»,- IWPR-ին հայտնել է Civilnet.Am տեղեկատվական կայքի տնտեսական մեկնաբան Արմենակ Չաթինյանը:
Տեղի արտադրողների մոտ մտավախաություն կա, որ վերջիվերջո նրանք կհայտնվեն դժվար իրավիճակում:
Սիլ կոնցեռնի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանը զգուշացնում է, որ ձեռնարկատերերը ստիպված կլինեն համագործակցել Մաքսային Միության անդամ պետությունների հետ, որոնց հետ այժմ նրանք կապեր չունեն:
«Ինչպիսի պայմաններում դա տեղի կունենա պարզ չէ: Վերջերս Մինսկում տեղի ունեցած հանդիպումից պարզ դարձավ, որ այս պետությունների ղեկավարները մտադրված են նոր անդամներ ընդգրկել Միություն իրենց համար շահեկան պայմաններով, հաճախ հաշվի չառնելով նոր անդամ-պետությունների հետաքրքրությունները: Մեր իշխանությունները պետք է հասկանան, որ անդամկցության գործընթացը հեշտ չի լինելու, քանի որ կան պետություններ, որոնց Հայաստանը զիջում է իր մեծությամբ և ռեսուրսների քանակով և որոնք կցանկանան պաշտպանել իրենց հետաքրքրությունները: Հենց դա էլ մտավախություն է առաջացնում հայ ձեռնարկատերերի մոտ»:
Մոսկվան, ով խոշոր տնտեսություն ունի համեմատած Մաքսային Միության այլ անդամ պետությունների հետ և հանդես է գալիս որպես շարժիչ ուժ հետաքրքրված է նոր պետություններ անդամակցության մեջ ավելի շատ քաղաքական, քան տնտեսական տեսանկյունից:
Arrow Global LTD ներդրումային կազմակերպության ղեկավար տնտեսագետ Սամսոն Ավետյանը մտավախություն ունի, որ եթե ռուսական տնտեսությունը խնդիրների հանդիպի, ապա դրա հետևանքները իր վրա կզգան նաև Մաքսային Միության մյուս անդամ պետությունները:
«Չնայած նավթի բարձր գներին միջազգային շուկայում, Ռուսաստանի տնտեսական աճը յոթ հաջորդական եռամսյակների ընթացքում նվազում է: Սա վկայում է այն մասին, որ այս պետությունը ոչ միայն չի կարող ապահովել իր տնտեսական աճը էներգակիրների բարձր գնի հաշվին, այլ նաև կհանդիպի համակարգային խնդիրների: Հետևաբար արդեն հաջորդ տարի Ռուսաստանը կարող է հանդիպել լուրջ տնտեսական խնդիրների: Տնտեսական աճ ապահովելու համար, նրանք ամենայն հավանականությամբ կփորձեն փակել շուկան բարձր մաքսային տուրքերի հաշվին: Հայ ձեռնարկատերերի համար դա նշանակում է, որ նրանք կհայտնվեն ընդհանուր փակ շուկայում ռուսական խոշոր բիզնեսին կուլ գնալու վտանգի տակ»,- այս մասին հայտնել է Ավետյանը: