Շանթ Հարությունյանն, ինչպես միշտ հոյակապ է, քանի որ ամբողջ կյանքում աշխատել է հայկական ոգու դրսևորումներով և բռնկումներով:

Այս համոզմանն է հասարակական-քաղաքական գործիչ, Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

«Կարելի է վիճել, թե Շանթի ոգին այդ ժամանակ ինչ վիճակում է գտնվել` մի քիչ կարող է հարբած էր հեղափոխական մղումով, թե ինչով, բայց շատ կարևոր է այս կյանքի անհեթեթությունը, որ ստեղծված է, ստեղծողներն էլ, ասենք թե, շատ բաներով պատասխանատուները` իշխանավորները, ամբողջ քաղաքական դասը, տնտեսվարողները, ստեղծել են մի խայտառակություն, Շանթն էլ ասել է, սա խայտառակություն է, վերցրել- Շանթին բանտարկել են: Խայտառակություն ստեղծողին ոչ ոք բան չի ասում: Ասենք թե դա նույնն է, որ բանդիտը գնում է մարդասպանության կամ կողոպուտի, մեկը նրան ապտակում է, բռնում են դրան, ասում են` ինչու ես մարդուն ապտակել` բանդիտին մոռանալով: Ամբողջ մեր դատավարության, համակարգի անհեթեթությունը կայանում է դրանում: Շանթն էլ դա պարզ ցույց տվեց հայելու մեջ»,- բնութագրեց Մանուչարյանը` հավելելով, որ բոլորն էլ պետք է դա հասկանան, ցույց տան իշխանավորներին, թե ինչ անհեթեթությամբ են նրանք զբաղված:

Լրագրողի այն հարցին, որ երեկ Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, թե որոշ ազատամարտիկներ կատարում են Ռոբերտ Քոչարյանի պատվերները, Մանուչարյանն սկզբում, կարծես թե զարմացավ, ապա պատասխանեց. «Ես չգիտեմ, դա, երևի թե, ճիշտ կլիներ Դավիթ Շահնազարյանին ուղղեիք, նա աշխատել է այնպիսի ծառայությունում, որտեղ սովորում են ինֆորմացիա հավաքել, միգուցեև այդպիսի բաներ կան»,- եզրափակեց Մանուչարյանը: