Երեւանի քաղաքապետարանն արձագանքել է իր ենթակայության ներքո գտնվող, Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի 6-րդ «բ» դասարանում ստեղծված իրավիճակին: Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը տեղեկացրել է, որ իրադրությանը ծանոթանալու նպատակով՝ վարչության պետի հանձնարարությամբ վարչության աշխատակիցը այցելել է դպրոց, հանդիպել ծնողների, այդ դասարանում դասավանդող ուսուցիչների, ինչպես նաեւ աշակերտների հետ: Համագործակցության շրջանակում ներկա են եղել նաեւ անչափահասների գործերով տվյալ ստորաբաժանման աշխատակիցներ, ինպես նաեւ Հայաստանում մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչը:

Լսելով կողմերին, ծանոթանալով առկա իրավիճակին՝ այն շտկելու ուղղությամբ արվել են մի քանի առաջարկություններ, որոնք կնպաստեն իրավիճակի հարթեցմանը եւ դասարանում բարոյահոգեբանական մթնոլորտի կարգավորմանը:

«Ողջունելով ծնող-դպրոց համագործակցությունը՝ ավելորդ չենք համարում եւս մեկ անգամ հորդորել ծնողներին՝ վստահել դպրոցին եւ մանկավարժական կոլեկտիվին եւ անհարկի չմիջամտել իրենց երեխաների դպրոցական կյանքին, որպեսզի երեխաները շարունակեն իրենց ուսումնառությունը համերաշխ մթնոլորտում»,- ասվում է   քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ «Ժողուվորդ» օրաթերթը գրել էր, թե Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցում վախի մթնոլորտ է և լարված իրավիճակ,  ծնողները հրաժարվել են իրենց երեխաներին տանել դպրոց՝ դասադուլ հայտարարելով: