Այս պահին լարված իրավիճակ է կառավարության շենքի առջև:

Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի երթ էին կազմակերպել ոսկու շուկայից դեպի կառավարության շենք:

Նրանք գործադուլ են հայտարարել, և բողոքում են ֆինանսների նախարարության այս դաշտի կարգավորմամբ զբաղվող ստորաբաժանման կայացրած այն որոշման դեմ, ըստ որի՝ ոսկյա զարդերի համար պետք է օգտագործեն «Սասունցի Դավիթ» դրոշմ («պրոբ»):Հավաքվածները դժգոհում էին այն փաստից, որ այդ դրոշմով ոսկյա զարդերի վրա հաճախ Սասունցի Դավթի կերպարն ամբողջական չի լինում և նրանց դրա համար տուգանում են:

«Եթե մատանուդ վրա Սասունցի Դավիթի ձիու պոչը չի երևոմ քեզ տուգանում են դրա համար, 50 հազար դրամ տուգանում են: Բայց ասենք եթե մատանին երկու գրամ է, էտ ոնց պետք է խփեն, որ ճիշտ լինի ու Սասունցի Դավիթի դրոշմն ամբողջական լինի», YerevanNews.am-ի հետ զրույցում ասացին ոսկու շուկայի աշխատակիցները:

Նրանք հայտնեցին, որ ոչ ոք չի աշխատում այս պահին այս տուգանքների դեպքում, քանի որ պրոբ ինսպեկցիայի խփած սխալ դրոշմի պատճառով իրենք չեն պատրաստվում նման խոշոր տուգանքներ վճարել:

«Մարդ կա արդեն երեք օրվա ընթացքում 3 մլն չափով տուգանք է վճարել, քանի որ ոսկու վրա Սասունցի Դավիթի պատկերը ամբողջական չէ»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը