Ուղևորափոխադրող ընկերությունները 2005 թվականից վնասով են աշխատում: Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին նշեց թիվ 30 ավտոբուս և 67 միկրոավտոբուսը սպասարկող ՍՊԸ-ի նախագահ Աշոտ Արշակյանը:

«Այդ տարի այդ նպատակով ավտբուսներ ներկրեցին, սակայն դա էլ չստացվեց, սպասարկումը տրվեց մասնավոր ընկերություններին: Այդ ժամանակվանից գոյատևում ենք: Ամբողջ ազգուտակի եղած-չեղածը, հարսների ոսկեղեններով գրավ է դրված, որ լավ լինի, սակայն ոչ մի բանն էլ լավ չի», - նշեց նա:

Իսկ Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը նշեց, որ մոտ 200 մեքենա է կանգնած և վարորդները հրաժարվում են վարել այն: Նա նշեց, որ կախված երթուղու ուղևորահոսքից, վարորդն օրը երեքից հինգ հազար տանում է տուն: Լրագրողի այն դիտարկման, թե կան վարորդներ, ովքեր 10.000 են տանում, նա նշեց.

«Եթե այդքան կա ինչու՞ չեն աշխատում: Այդքան ստացող մարդը հրաժարվում է վարել: Իմաստը ո՞րն է», - հարցրեց նա: Լրագրողն էլ պատասխանեց, որ նա հրաժարվում է, քանի որ ուզում է իր ծախսերը հոգալ, ինչին ի պատասխան նա նշեց, որ բոլոր ծախսերի իննսուն տոկոսը հոգում է գծատերը:

«Եթե այսպես շարունակենք, վաղը տրանսպորտ չի լինի: Գծատերերը առանց վարորդի ումա՞ պետք, ոնց որ գեներալներն առանց զինվորի, ումա՞ պետք», - նշեց նա:

Նա նշեց, որ եղել են 100 դրամով շահագործելու դիմումներ, սակայն մեքենաների վիճակին ծանոթանալուց հետո բոլորը հրաժարվել են:

Բանախոսները նշեցին, որ իրենց պահանջները նույնն են՝ 150 դրամ քաղաքացուց և 50 դրամ քաղաքապետարանից: