Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Կառավարության նիստում  որոշվեց «Ինչ, Որտեղ, Երբ» խաղի համար 12 մլն դրամ հատկացնել:

Կառավարության նիստից հետո ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց, որ Խաղը նաև կրթական նշանակություն ունի, խրախուսում է ընթերցանությունը, երեխայի մտահորիզոնի զարգացումը:

Այն դիտարկմանը, թե խաղը անցկացվում է ռուսերեն լեզվով, այդ դեպքում այն ի՞նչ մեծ ազդեցություն կարող է ունենալ կրթության զարգացման վրա, փոխնախարարը պատասխանեց. «Ռուսերենի զարգացումը ևս կրթական նշանակություն ունի: Մենք չպետք է մոռանանք, որ օտար լեզուների ուսուցումը կարևոր է մեզ համար: Հայաստանում ամբողջ ուսուցումը հայերենով է կատարվում, և մեկ խաղի վարումը ռուսերենով չեմ կարծում, որ իրականում խնդիր է»:

Իսկ  այն հարցին, թե ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը արդյո՞ք կշարունակի մասնակցել «թանկարժեք» խաղին, փոխնախարարը հորդորեց հարցնել նախարարին, սակայն միաժամանակ նշեց, թե վստահ է, որ նախարարը լավ է խաղում: