Երեկ Սպորտի և երիտասարդության նախարարության դահլիճում կայացավ 2013 թվականի մարզիկների լավագույն տասնյակը որոշելու կարգի վերաբերյալ քննարկում:

Հիշեցնենք, դեռևս նոյեմբերի 8-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը նախարարության պաշտոնական կայքում հրապարակել էր նախարարության կողմից մշակված օլիմպիական և ոչ օպլիմպիական մարզաձևերում մարզական արդյունքների գնահատման չափորոշիչների նախագիծը: Իսկ դրանց վերաբերյալ մարզական լրագրողների և ֆեդերացիաների կողմից արված առաջարկներն ու դիտողությունները մինչև քննարկումը ներկայացվել էին գրավոր:

Քննարկմանը ներկա էին տարբեր լրատվական միջոցների լրագրողներ, մարզական ֆեդերացիանների և մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ:

Քննարկումը վարեցին նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Անանյանը և նախարարության՝ Սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ Լյովա Վարդանյանը:

Հանդիպումը միտված էր մարզական լրագրողների հետ համատեղ քննարկել և ի մի բերել լավագույն մարզիկների ընտրություն կատարելու սկզբունքները՝ հնարավորինս բացառելով սուբյեկտիվ մոտեցումները:

Սկզբում ներկաները հնչեցրին իրենց առաջարկներն ու տեսակետները և ծավալվեց մասնագիտական բավականին բուռն քննարկում:

Շուրջ 3 ժամ տևած հանդիպման ընթացքում հիմնական տեսակետները, որ հնչեցին՝ վերաբերում էին թիմային և անհատական մարզաձևերը գնահատելու մեխանիզմ մշակելուն, որը թույլ կտա արդարացիորեն տարանջատել ու գնահատել թիմային և անհատական մարզաձևերում մարզիկների ցուցաբերած արդյունքները:

Ներկաները բարձր գնահատեցին նախարարության նախաձեռնությունը, նաև իրենց դրական վերաբերմունքն արտահայտեցին առաջարկված գնահատման նախնական տարբերակի վերաբերյալ՝ ընդգծելով սակայն, որ իրենցից շատերն ունեն մտավախություն, որ նախարարության առաջարկած միավորներով գնահատման պարագայում կունենան իրենց ներքին համոզմունքով ընտրություն կատարելու ավելի նվազ հնարավորություն:

Ուստի որպես իրավիճակի լուծում հնչեցին մի շարք առաջարկներ:

Վաստակավոր մարզական մեկնաբան Ռուդիկ Բարսեղյանի, Վարդան Թադևոսյանի և դարձյալ մի քանի մարզական լրագրողների կողմից հնչեց առաջարկ՝ «Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան տասնյակ տարիներ առաջ ձևավորված ավանդույթի համաձայն յուրաքանչյուր տարեվերջին ընտրում և հրապարակում է տարվա լավագույն մարզիկների տասնյակը և հիմնականում աղմուկը բարձրանում է երբեմն ֆուտբոլիստներին և շախմատիստներին չընդգրկելու պատճառուվ, ուստի դրանից խուսափելու համար նախարարությունը թող որոշի չափորոշիչներ և ընտրություն անկացնի ֆուտբոլիստների միջև»:

Հնչեց նաև այսպիսի տեսակետ՝ կարելի է նաև «3 ամենապոպուլյար մարզիկ» անվանակարգում անցկացնել քվեարկություն՝ ներառելով նաև ֆուտբոլը:

Այդուհանդերձ բուռն քննարկումներից ու բանավեճերից հետո որոշվեց, որ տարվա լավագույն մարզիկի որոշման հարցում չկատարվեն փոփոխություններ՝ միայն մեկ բացառությամբ ՝ թեկնածունների ցանկը որոշելու հարցը մարզական լրագրողների ցանկությամբ վստահվեց Սպորտի և երիասարդության հարցերի նախարարությանը: