ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) աշխատակիցները բաց նամակով դիմել են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Բաց նամակը` ստորև`

«Նամակի հրապարակումը և մեր խոսքի բարձրաձայնումը պայմանավորված է Պոլիտեխնիկի անվան և վարկի շուրջ վերջին շրջանում բարձրացված աղմուկով ու համալսարանի մի խումբ աշխատակիցների կողմից ռեկտոր պ-րն Ավետիսյանի գործունեությունն ակնհայտ խեղաթյուրող, իրականությանը չհամապատասխանող հայտարարություններով ու «բողոքի գործառույթներով»:
Վստահ ենք, որ իրազեկ եք վերջին երկու տարիների ընթացքում Պոլիտեխնիկում կատարված փոփոխություններին և կուզենք միայն անդրադառնալ Ճարտարագիտական համալսարանում առկա փաստացի իրավիճակին և փորձենք ներկայացնել մեր վերլուծությունները:

«Բողոքներ» և «քննադատություններ» ասվածի առիթ դարձավ աշխատանքի վարձատրության հաշվարկի նոր եղանակի ներդրումը: Աշխատանքի վարձատրության արդարացի սկզբունք` «որակյալ ծառայության դիմաց ավելի բարձր աշխատավարձ»: Ուսումնական գործառույթի լսարանային և ոչ լսարանային ժամերի վարձաչափերի պարզ տարանջատման առաջարկված մոտեցումը միգուցե լավագույն տարբերակը չէր առկա խնդիրը լուծելու համար` արդյունքում շատ դասախոսների մոտ արձանագրվեց աշխատավարձի նվազում: Ամեն դեպքում, հենց այս հարցով հրավիրված արհեստակցական միության ժողովում կատարված սխալն ընդունվեց`վերականգնվեց վարձատրման նախկինում գործող կարգը, իրականացվեց վերահաշվարկ և աշխատավարձի գոյացած տարբերություններն արդեն վճարվել են դասախոսներին:

Միջադեպը կարելի էր համարել սպառված եթե չլինեին շարունակվող դժգոհումներն ու ելույթները` հայաստանում «ճարտարագիտական կրթության վտանգված» և “Պոլիտեխնիկը կործանման եզրին” լինելու մասին: Այստեղ է, որ ակնհայտ ընդգծվում է “հանուն թե ընդդեմ” սկզբունքը, ամեն ինչի հետ վարկաբեկվում է և’ Պոլիտեխնիկը, և’ ճարտարագիտական կրթությունը: Մոռացվում է, որ Պոլիտեխնիկը միայն իրենք չեն, իսկ պատշաճ ճարտարագիտական կրթություն ապահովելու գործում կան մասնագետներ, դասախոսներ ու գիտնականներ, որոնք հաստատ ավելի ծանրակշիռ խոսք ունեն ասելու: Այլակարծությունն ու ընդդիմախոսությունը ժողովրդավարական կառավարման հիմնաքարերն են, սակայն հիշեցնենք ժողովրդական իմաստուն ասացվածքը`«սեփական մի կտոր չալաղաջի համար ուրիշի կովը մորթելու» անընդունելի գործելաոճի մասին:

Միտում չունենք անպայման սևացնել նախկին 10-15 տարիների ընթացքը կամ արված դրական փոփոխությունները մատնանշելով` ի ցույց դնել նախկինից ժառանգած, կուտակված խնդրիրները: Ըստ էության դրանք մեր բոլորի ձեռքբերումներն ու
բացթողումներն են: Ուղղակի քննարկենք` ինչ է՞ կատարվել վերջին երկու տարում, միթե՞ առկա բոլոր խնդիրները հայտնվեցին հենց այդ ժամանակաշրջանում:

Պոլիտեխնիկում դժվար գտնվի որևէ մեկը ով չհամաձայնի, որ երկու տարի առաջ համալսարանում ձևավորված իրավիճակն անցել էր կայուն ճահճացման փուլ` հնամենի, մաշված գույք և լաբորատոր բազա, լաբորանտական և պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի ծերացում, ուսումնական գործընթացի կազմակերպման և կառավարման ոչ բավարար արդյունավետություն, համալսարանում իրականացվող գիտա-տեխնոլոգիական մշակումների և աշխատանքների ցածր արդյունավետություն և ներգրավվածություն ուսումնական գործընթացներում և այլն (խնդիրներ, որոնք ըստ էության առավել կամ պակաս չափով ցավոք առկա են հանրապետության բոլոր ԲՈՒՀ-երում): Ծառացած խնդիրների ճակատագրական լինելը Պոլիտեխնիկի համար պայմանավորված է ճարտարագիտական կրթության առանձնահատկություններով և առաջին հերթին մենք ենք գիտակցում, որ անգործության ևս մի-քանի տարի և իրավիճակն անդառնալի կորուստների ընթացք կստանար:

Ռեկտոր Ավետիսյանի Պոլիտեխնիկում իրականացրած քայլերը նշանակման առաջին օրվանից միտված են այս խնդիրներն ու մարտահրավերները հաղթահարելուն, բավարար է թերթել միայն ՀՊՃՀ կայքի հաղորդագրությունները.

- Բազմաթիվ գիտական ու ուսումնական նորաստեղծ և հիմնանորոգված լաբորատորիաներ,
- Միջազգային և ներպետական գիտական ու կրթական դրամաշնորհային ծրագրերի թվի զգալի աճ,
- Հիմնվել է “Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները” կենտրոնը, որը իր կարողություններով միակն է տարածշրջանում և հագեցված է ժամանակակից ճարտարագիտական կրթություն և հետազոտությունների հնարավորություն ապահովող գործիքակազմով:
- Տարածաշրջանային և միջազգային առաջավոր ճարտարագիտական ԲՈՒՀ-երի հետ համագործակցությունների հաստատում, համատեղ կրթական ծրագրերի իրականացում,
- Միջբուհական և շարունակական կրթության կենտրոնի հիմնում,
- ՀՊՃՀ համաֆինանսավորում երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագրերին,
-Հայաստանում գործող շահագրգիռ տնտեսվարողների և ձեռնարկությունների հետ համագործակցության պայմանագրեր, աշխատատեղերի հնարավորություններ շրջանավարտների համար,
- Շարունակական դարձած ներհամալսարանական գիտական սեմինարներ,
- …
Թվարկումը կարելի է շարունակել մի քանի էջ, փոփոխություներն անդրադառնում են համալսարանական գործառույթների բոլոր ուղղություններին: Բայց սա չէ արված ամենաարժեքավորն ու կարևորը, այլ ձևավորված կառուցողական
մթնոլորտը` համալսարանի շահերին և ուսումնական գործընթացի բարելավմանը միտված ցանկացած առաջարկի կամ նախաձեռնության աջակցումը: Ռեկտոր Ավետիսյանի կողմից հաստատագրվել է մի գործուն սկզբունք` ստեղծել պայմաններ, ապահովել աջակցություն և դրա դիմաց հետևողականորեն պահանջել դրական արդյունքներ և ոչ թե միայն խոստումներ ու արդարացումներ:

Հուսով ենք մեր այս նամակն էլ կդիտարկվի ոչ թե որպես “ղեկավարության բարեհաճությունը” ստանալու փորձ, այլ վերջին երկու տարիներին Պոլիտեխնիկում ռեկտոր Ավետիսյանի կողմից նախաձեռնած բարեփոխումների աջակցության դրսևորում: Վերջիվերջո դասախոսին հարիր չէ և մարդկայնորեն սխալ դիրքորոշում է` տեսնել Պոլիտեխնիկի շահերը ոտնահարող և վարկաբեկող գործողություններ, լսել իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ ու … լռել:

 

Հարգանքով, ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) աշխատակիցներ`

ՀՀ պետական և նախագահի մրցանակների դափնեկիր,
“Կառավարման համակարգեր” ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Օ.Ն. Գասպարյան

“Գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում և  որակի վերահսկում” բազային գիտա-հետազոտական լաբորատորիայի գիտական ղեկավար, “Ընդհանու քիմիայի և քիմիական պրոցեսների” ամբիոնի դոցենտ, ք.գ.թ. Ա.Ռ. Միքայելյան

ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, “Միկրոէլեկտրոնիկա և կենսա- բժշկական սարքեր” ամբիոնի վարիչ, “Միկրո և նանո-էլեկտրոնիկայի” բազային գիտա-հետազոտական լաբորատորիայի գիտական ղեկավար, տ.գ.դ., պրոֆեսոր Վ.Վ. Բունիաթյան

“Կառավարման համակարգեր” ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Ա.Լ. Մխիթարյան