Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 25-ամյա Քրիստինեին մեղավոր է ճանաչել իր երկու անչափահաս երեխաներին մկնդեղ խմեցնելու, նրանց սպանելու փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության ընթացքում և ընդհանուր իրավասության դատարանում դատաքննության ժամանակ Քրիստինեն իրեն մեղավոր է ճանաչել:

Գործի մասին ավելի մանրամասն տեղեկանում ենք 1in.am կայքից:

Դատարանը հաստատված է գնահատել, որ 2012 թվականի հունիսի 13-ին, ժամը 10-ի սահմաններում Քրիստինեն Վարդենիս քաղաքի անասնաբուժական-անասնաբուծական դեղորայքի առևտրի կետից ձեռք է բերել մկնասպան պատրաստուկ:

Նույն օրը՝ ժամը 13-ն անց 30-ի սահմաններում կենցաղային հարցերի պատճառով իր երկու անչափահաս որդիներին սպանելու դիտավորությամբ նա գործով վկա Օֆելյա Ս.-ի առանձնատանը մկնասպան պատրաստուկ է խմեցրել իր երեխաներին ու քնեցրել է, նա ինքն էլ է խմել նույն պատրաստուկից:

Քրիստինեն, բարեբախտաբար, կատարածի մասին հեռախոսով հայտնել է իր հարսին, ով անմիջապես տեղյակ է պահել տանտիրուհուն: Վերջինս ահազանգել է շտապօգնություն:

Քրիստինեին ու երեխաներին տեղափոխել են Վարդենիսի հիվանդանոց, ապա Երևան՝ համապատասխան բուժում ստանալու:

Կատարվածի հետևանքով նրանք ունեցել են սուր թունավորում մկնդեղով, երեքի առողջությանն էլ պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Քրիստինեն ասել է, թե այդ քայլին գնացել է ամուսնու ու սկեսրայրի պատճառով: Իր հետ անընդհատ վիճաբանել են, իրեն անհիմն խանդել են ու վիրավորել: Ինքը մի անգամ էլ դեղահաբեր է խմել ինքնասպանության նպատակով...

Ամուսինը մեկնել է արտագնա աշխատանքի:

Քրիստինեն երեխաների հետ վարձով տնից հեռացել է, գնացել է հոր ընկերոջ տուն:

Ըստ Քրիստինեի՝ «զանգերի ու անբարո խոսքերի պատճառով է գնացել այդ քայլին... Ամսի 13-ի առավոտյան գնել է դեղը ու վերադարձել նույն տուն: Երեխաների քնի ժամին ինքը դեղը խմել է, այդ ժամանակ զանգել է ամուսինը, անբարո խոսքեր է ասել, ինքն էլ մտածել է՝ եթե ինքը չլինի, թող երեխաներն էլ չլինեն, ու դեղը անգիտակցաբար խմեցրել է նաև երեխաներին: Մոտ մեկ ժամ անց տիկին Օֆելյան իմացել է, շտապօգնության մեքենայով իրենց տարել հիվանդանոց...»:

Ընդհանուր իրավասության դատարանը Քրիստինեին դատապարտել է 12 տարի ազատազրկման:

Նրա խափանման միջոցը փոխվել է, ընտրվել է կալանավորումը, և Քրիստինեին կալանքի տակ են վերցրել դատարանի դահլիճում:

Վերաքննիչ բողոքում Քրիստինեն խնդրել է պատժի մասով փոփոխել դատավճիռը, պայմանական դատապարտություն կիրառել իր նկատմամբ ու ազատ արձակել՝ սահմանելով փորձաշրջան:

Քրիստինեի շահերի պաշտպան Ա. Սաղաթելյանը այն դիրքորոշումն է հայտնել, որ իր պաշտպանյալի պաշտպանական իրավունքը խախտվել է, նրան չեն բացատրել անվճար պաշտպան ունենալու իրավունքը, Քրիստինեն էլ հրաժարվել է պաշտպանից, նախաքննության ընթացքում ու դատարանում՝ մինչև կողմերի վիճաբանությունների պահը, նա պաշտպան չի ունեցել:

Ըստ պաշտպանի՝ դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը վիճելի է: Մասնագետները նշել են, թե Քրիստինեն մեղսունակ է, արարքի կատարման պահին եղել է հոգեկան լարված, բայց ոչ՝ ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, մինչդեռ, ըստ պաշտպանի, Քրիստինեի պատմածում ինքը աֆեկտի մեջ գտնվելու հատկանիշներ է նկատում:

Մանրամասներն` սկզբնաղբյուր կայքում: