Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երրորդ վարչության պետ Նելլի Դուրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց վերջին 10 ամիսներին անչափահասների կողմից իրականացրած հանցագործություների թիվը` նշելով, որ նախորդ տարվա հետ մեծամասամբ նվազում է գրանցվել, իսկ համեմատած հարևան պետությունների հետ` Հայաստանում իրավիճակը շատ լավ է:

Դուրյանը փոխանցեց, որ նախորդ տարի հանցագործությունների թիվը եղել է 351, այս տարի 348 է: Նրա խոսքերով, ինչպես միշտ առաջին տեղում է գտնվում, որպես հանցատեսակ, գողությունը` 172 նախորդ տարվա առաջին 10 ամիսների ընթացքում, 192` այս տարվա նույն ժամանակահատվածում:

«Կողոպուտը մնացել է նույնը, խուլիգանության դեպքերն են աճել, նվազել են անօրինական զենք դնելու դեպքերը: Թմրանյութ օգտագործելու դեպքերն են նվազել` նախորդ տարի 3, այս տարի 4: Եվ աճել են ավտոմեքենա փախցնելու դեպքերը»,- Դուրյանը խոսեց նաև բռնաբարությունների դեպքերի մասին` հայտնելով, որ գրանցվել է սեռական հանցագործությունների թվաքանակի որոշակի աճ, ինչը հանգում է հաղորդում տվողների թվաքանակի շատացման հետ:

Դուրյանը հայտնեց, որ ավելի շատ են գալիս ոստիկանություն և հայտնում ընտանեկան բռնությունների դեպքերի մասին, այդ թվում` սեռական բռնությունների մասին:

«Անչափահասների նկատմամբ կատարված սեռական բռնությունների թվաքանակի հիմնական մասը ներառում է 16 տարին չլրացած անչափահասների հետ սեռական հարաբերություններ ունենալը, որի գերակշռող մասն ավարտվում է ամուսնությամբ: Բռնաբարությունների թվաքանակը շատ քիչ է տարվա կտրվածքով` մեկ կամ երկու դեպք»,- իր խոսքում նշեց Դուրյանը:

Դուրյանի փոխանցմամբ` սեռական փոքրամասնության անչափահասներ իրենց հաշվառման մեջ չկան: Կան անչափահասներ, շատ փոքր թվաքանակով, որոնք զբաղվում են մարմնավաճառությամբ, սակայն, Դուրյանի խոսքերով, այդ անչափահասները նրանց մոտ գտնվում են հաշվառման մեջ:

Նելլի Դուրյանը հայտնեց նաև, որ այժմ իրականացվում են հատուկ ծրագրեր անչափահաս մարմնավաճառներին օգնելու և բնականոն կյանքին վերադարձնելու ուղղությամբ:

«Ոստիկանությունը շատ արագ կարողանում է հայտնաբերել այդ աղջիկներին, և նրանց համապատասխան օգնությունն է ցուցաբերվում: Նրանք մերժված են ընտանիքի կողմից, ընտանիքի հետ շփումն ու հարաբերվելը դժվար է ստացվում կամ ընդհանրապես չի ստացվում»,- բնութագրեց Դուրյնաը:

Վերջինս հայտնեց, որ այս պահին ՔԿՀ-ներում անչափահաս աղջիկ դատապարտյալներ չկան, սակայն տարվա կտրվածքով շատ քիչ քանակով լինում է, և հիմնականում հագուստի գողության մեղադրանքով: