10. Էմպուսա

Էմպուսան ծագումով Հին Հունաստանից է: Ասում են, որ այս հրեշը բոցկլտացող մազեր ուներ, նրա մի ոտքը արույրից էր, իսկ մյուս ոտքը էշի ոտք էր: Նա կախարդության աստվածուհու` Հեկատայի սպասուհին էր: Թեպետ իրականում նա տգեղ ու տարօրինակ հրեշի տեսք ուներ, սակայն իր զոհերին գայթակղելու համար, գեղեցիկ կնոջ կերպարանք էր ընդունում: Նա իր զոհերին տանում էր մեկուսի վայրեր, որտեղ խմում էր նրանց արյունը և ուտում միսը:

Ի տարբերություն եվրոպական վամպիրների մեծ մասի` Էմպուսան կարող էր հայտնվել ցերեկային ժամերին: Այդ ժամերին նա հիմնականում հարձակվում էր միայնակ ճանապարհորդող երիտասարդ տղամարդկանց վրա: Այս հրեշին հեշտությամբ կարելի էր վանել: Բավական էր միայն, որ զոհը սկսեր վիրավորել նրան, և նա կհեռանար:

9 Լամիա

Լամիան ևս հին հունական վամպիր է: Ի տարբերություն Էմպուսայի` նա նախընտրում էր խմել ոչ թե երիտասարդ տղամարդկանց, այլ փոքր երեխաների արյունը: Ըստ առասպելի` Լամիան այն բազում մահկանացու կանանցից էր, ովքեր Զևսի հետ սիրավեպ էին ունեցել: Զևսի խանդոտ կինը` Հերան, չէր պատրաստվում հանդուրժել ամուսնու դավաճանությունը: Հերան Լամիային օձանման հրեշի վերածեց և սպանեց նրա երեխաներին: Հերան նաև այնպես արեց, որ Լամիայի աչքերը երբեք չփակվեին` նրան դատապարտելով անքուն մնալ և հավերժ թափառել մութ գիշերներով: Լամիան գիշերները շարունակ որոնում էր երեխաների, որոնց կարող էր սպանել: Նա ջանում էր անմեղ երեխաներից վրեժխնդիր լինել իրեն բաժին հասած ճակատագրի համար: Ժամանակի ընթացքում Լամիայի մասին պատմությունները սկսեցին պատմել չարաճճի երեխաներին` նրանց վախեցնելու համար:

8 Ազեման

Վամպիրների մասին պատմությունների մեջ հաճախ է հիշատակվում մի վամպիրի մասին, ով վերածվում է չղջիկների խմբի և թռչում գիշերով: Իրականում, շատ քիչ վամպիրներ կան, ովքեր կարողանում են այս կերպ կերպարանափոխվել: Ազեմանը այդ հազվագյուտ ունակությամբ օժտված դիվային արարած է:

Սուրինամի այս վամպիրը օրվա ընթացքում ծեր կնոջ կերպարանք է ընդունում, իսկ գիշերվա ընթացքում` կենդանու կերպարանք: Սուրինամում շատ կարևոր է քնել ծածկված ոտքերով, քանզի Ազեմանը սնվում է այն մարդկանց ոտքերով, ովքեր լավ չեն ծածկվում: Նա արյուն է խմում մարդկանց բութ մատից: Դրանից զոհը չի մահանում, սակայն նա թուլանում է և ավելի հեշտությամբ է հիվանդանում:

Վամպիրների մասին գեղարվեստական ստեղծագործությունների սիրահարները պետք է որ տեղյակ լինեն Ազեմանին վախեցնելու ու վանելու հնարքներին: Եթե Ազեմանի առաջ բրնձի կամ եգիպտացորենի հատիկներ շաղ տաք, նա ստիպված կլինի կանգ առնել ու հաշվել այդ հատիկները: Այս վամպիրից խուսափելու համար ընդունված է նաև շեմքին ավել դնել: Տեսնելով ավելը` նրա կանգնում է և հաշվում ավելի քիստերը:

7 Ռաքշասներ

Հինդուիզմի և բուդդայականության մեջ կան կանանց չար ոգիներ, որոնց բնորոշ են վամպիրների հատկանիշներից շատերը: Նրանք սնվում էին կենդանի մարդկանցով, հալածում սրբերին և հոգևորականներին: Վամպիրների նախատիպերից շատերը սատանայական կերպարներ էին, սակայն ռաքշասները հայտնի են իբրև հարություն առած մեռյալներ: Ասում էին, որ նրանք, ովքեր դաժան կյանք էին վարել, վերածնվում էին ռաքշասների: Ռաքշասները հայտնի են նաև ասուրա անունով: Նրանք սնվում էին մարդու մսով և փտած մթերքով: Նրանք երկար ու թունավոր եղունգներ ունեին, որոնք մխրճում էին իրենց զոհերի մսի մեջ:

6 Ջարակակա

Ջարակական բրազիլական վամպիր է, որի ծագման մասին այնքան էլ շատ բան հայտնի չէ: Ըստ որոշ պատմությունների` այս վամպիրը այն մարդու հոգին է, որ կյանքի ընթացքում աչքի է ընկել չարությամբ, ինչի համար էլ դատապարտվել է հավերժ թափառել երկրագնդի վրա: Ըստ այլ պատմությունների` նա հինավուրց, արնախում աստված է, որին այլևս չեն երկրպագում:

Ջարակակաները արտասովոր վամպիրներ են, քանի որ նրանց համար արյունը երկրորդական է: Այս օձաձև արարածները նախընտրում են սնվել կերակրող մայրերի կաթով: Տարածված էր այն առասպելը, որ այս վամպիրը մոր համար աննկատ կերպով մտնում է երեխայի և մոր միջև և սկսում ծծել մոր կաթը: Երեխային լուռ պահելու համար, նա իր պոչն էր դնում երեխայի բերանը: Զարմանալիորեն, կերակրող մայրը չէր նկատում Ջարակակայի ներկայությունը: Նրա այցելության առաջին նախանշանները թերսնուցված երեխան էր:

 

Շարունակելի...

Աղբյուր` Ավելի քան փաստեր