Կարո՞ղ է սերը փոխել աշխարհը: Այս հինգ զույգերի սիրավեպերը ապացուցել են, որ սերը միանշանակ կարող է փոխել պատմության ընթացքը, այլ հարց է, թե արդյոք դեպի լավը, թե դեպի վատը:
1 Կլեոպատրա և Մարկոս Անտոնիոս
Եգիպտոսի Թագուհի Կլեոպատրա VII հայտնի է գայթակղելու իր ձիրքով և ամուր դաշինքներ ստեղծելու հմտությամբ: Այնուամենայնիվ, հռոմեացի գեներալ Մարկոս Անտոնիոսի հետ նրա քաղաքական համագործակցությունն ու սիրային կապերը նրանց երկուսի մահվան պատճառը դարձան, ինչպես նաև տապալեցին Պտղոմեոսների դինաստիան, որին պատկանում էր Կլեոպատրան: Մ.թ.ա. 41 թ.-ին Անտոնիոսն իր ձեռքն առավ արևելյան շրջանների կառավարումը: Հույս ունենալով սիրաբանել Անտոնիոսի հետ, ինչպես նախկինում Հուլիոս Կեսարի հետ, Կլեոպատրան ժամանեց սքանչելի զբոսանավով` հագնված Վեներայի` սիրո հռոմեական աստվածուհու պես: Սիրուց խելակորույս` Անտոնիոսը նրա հետևից գնաց Ալեքսանդրիա` ձգտելով պաշտպանել Եգիպտոսը և Կլեոպատրայի գահը: Հաջորդ տարի նա վերադարձավ Հռոմ: Օկտավիանուսին իր հավատարմությունն ապացուցելու համար նա ամուսնացավ իր հետ միասին իշխողի` Օկտավիանուսի քրոջ հետ: Այդ ժամանակահատվածում Կլեոպատրան ծնեց Անտոնիոսի երկվորյակներին և շարունակեց կառավարել ծաղկուն Եգիպտոսը:
Մի քանի տարի անց Անտոնիոսը վերադարձավ Կլեոպատրայի մոտ և նրա որդի Կեսարիոնին հռչակեց Կեսարի օրինական ժառանգ: Շշուկներ էին տարածված, որ Կեսարիոնը Կեսարի որդին է: Կատաղած Օկտավիանուսը պնդում էր, որ Անտոնիոսն ամբողջովին Կլեոպատրայի ազդեցության տակ էր և պատրաստվում էր լքել Հռոմը Եգիպտոսունմ մի նոր մայրաքաղաք հիմնադրելու մտադրությամբ: Մ.թ.ա. 32 թ.-ին Օկտավիանուսը պատերազմ հայտարարեց Կլեոպատրայի դեմ: Մ.թ.ա. 31 թ.-ին Ակտիումի ճակատամարտում նրա զորքերը ջախջախեցին Կլեոպատրայի զորքերին: Հաջորդ տարի Օկտավիանուսը հասավ Ալեքսանդրիա և կրկին հաղթեց Անտոնիոսին: Ճակատամարտից հետո Կլեոպատրան հաստատվեց այն դամբարանում, որը նա կարգադրել էր կառուցել հատուկ իր համար: Անտոնիոսը, սուտ տեղեկատվություն ստանալով, թե իբր Կլեոպատրան մահացել է, ինքնասպան եղավ: Մ.թ.ա. 30 թ.-ի օգոստոսի 12-ին` Անտոնիուսին թաղելուց և հաղթանակած Օկտավիանուսին տեսնելուց հետո, Կլեոպատրան մեկուսացավ իր երկու սպասուհիների հետ և ինքնասպանություն գործեց: Կլեոպատրայի աճյունը իր ցանկության համաձայն թաղվեց Անտոնիոյի կողքին: Օկտավիանուսը, ով հետագայում հռչակվեց Կայսր Օգոստոս I, տոնում էր Եգիպտոսի գրավումը:
2 Հենրի VIII ևԱննա Բոլեյն
Պատմաբանները գտնում են, որ Անգլիան տարբեր հանգամանքների ազդեցությամբ է դարձել բողոքական ազգ: Կասկածից վեր է, որ Հենրի Թագավորի` Աննա Բոլեյն անունով խարիզմատիկ կնոջ հանդեպ տածած անցողիկ, սակայն բուռն սերը ևս նպաստել է դրան: 1525 թ.-ին միջին տարիքի այս միապետը ընդհարվել էր իր առաջին կնոջ` ջերմեռանդ կաթոլիկ Եկատերինա Արագոնացու հետ, ով չէր կարողացել նրան արու ժառանգ պարգևել: Կնամոլ արքան իբրև իր հերթական թիրախ ընտրեց գեղեցիկ ու խորամանկ Աննային, ում հայրը ասպետ և դիվանագետ էր: Ի տարբերություն իր քույր Մերիի, ով Հենրիի նախկին սիրուհիներից էր, Աննան տեղի չէր տալիս Հենրիի սիրահետումներին և հրաժարվում էր տրվել նրան մինչև որ Հենրին չխոստանար ամուսնանալ իր հետ: 1527 թ.-ին Հենրին խնդրեց Կղեմես VII Պապին, որպեսզի նա Եկատերինայի հետ իր ամուսնությունն անվավեր ճանաչի, սակայն Պապը նրան մերժեց: 1533 թ.-ին նա գաղտնի կերպով ամուսնացավ Աննայի հետ, ինչը հանգեցրեց Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ պառակտմանը: Դրանից կարճ ժամանակ անց Հենրին իրեն հռչակեց Անգլիայի եկեղեցու առաջնորդ:
Աննայի հանդեպ տածած Հենրիի կիրքն արագորեն մարեց մասնավորապես այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ նա ևս չի կարող այդքան սպասված արու ժառանգ պարգևել Հենրիին: 1536 թ.-ին Հենրիի կարգադրությամբ Աննային ձերբակալեցին և գլխատեցին` կեղծ մեղադրանքներ ներկայացնելով նրան կախարդության, արյունապղծության և շնության մեջ: Դրանից 11 օր անց Հենրին ամուսնացավ Ջեյն Սեյմուրի հետ: Հաջորդ տասնամյակների ընթացքում ազգային պաշտոնական կրոնի հետ կապված խնդիրները շարունակում էին ջլատել և թուլացնել թագավորությունը: Միայն Հենրիի դուստր Էլիզաբեթ I-ի 44-ամյա տիրապետության ժամանակաշրջանում էր, որ այս խնդիրները հարթվեցին և հաստատվեց Անգլիական բողոքական եկեղեցին:
3 Պիեռ և Մարի Կյուրի
1895 թ.-ին Մարի Սկլոդովսկան և Պիեռ Կյուրին ամուսնացան` կազմելով մի յուրօրինակ զույգ, որը միջազգային համբավ էր ձեռք բերելու և ազդեցություն թողնելու գիտնականների տարբեր սերունդների վրա: 1867 թ.-ին Լեհաստանի Վարշավա քաղաքում ծնված Մարին Փարիզի Սորբոնի համալսարանից գիտական աստիճաններ ստացավ ֆիզիկայի և մաթեմատիկայի ասպարեզներում: 1894 թ.-ին նա հանդիպեց նշանավոր ֆրանսիացի ֆիզիկոս և քիմիկոս Պիեռ Կյուրիի հետ, ով իրենից ութ տարով մեծ էր: Մի տարի անց Մարին և Պիեռն ամուսնացան: Երբ Մարի Կյուրին իր դոկտորական թեզի համար թեմա էր որոնում, նա հետաքրքրված էր ֆիզիկոս Անտուան Անրի Բեքերելի 1896 թ.-ի ռադիոակտիվության գյուտով: Այդ ժամանակաշրջանում Մարին սկսեց ուրանի ճառագայթների ուսումնասիրություն կատարել: Շուտով նրա հետազոտական աշխատանքներին միացավ Պիեռը: 1898 թ.-ին` իրենց դուստր Իռենեի ծնունդից մի տարի անց, Կյուրիները հայտնագործեցին ռադիումը և պոլոնիումը, որը կոչեցին ի պատիվ Մարիի հայրենիքի: 1902 թ.-ին նրանք հաջողությամբ առանձնացրին ռադիոակտիվ ռադիումային աղերը հանքային կպրաքարից: Հաջորդ տարի նրանք Բեքերելի հետ միասին Նոբելյան մրցանակի արժանացան ռադիոակտիվության թեմայով իրենց նորարարական աշխատանքի համար:
1904 թ.-ին Մարին և Պիեռը երկրորդ աղջիկն ունեցան, իսկ Պիեռը նշանակվեց Սորբոնի համալսարանի ֆիզիկայի ամբիոնի վարիչ: Երկու տարի անց Փարիզի փողոցներից մեկում պատահարի ժամանակ Պիեռը մահացավ: Թեպետ Մարին չափազանց նեղսրտած էր ամուսնու կորստից հետո, նա ուխտեց շարունակել աշխատանքը և նշանակվեց ամուսնու պաշտոնում` դառնալով Սորբորնի առաջին կին դասախոսը: Մարին մահացավ 1934 թ.-ին սպիտակարյունությունից: Այս հիվանդությունը նրա մոտ առաջացել էր 4 տասնամյակ շարունակ ռադիոկատիվ նյութերով հետազոտություններ անելու հետևանքով: Իռենե Կյուրին շարունակեց ընտանեկան ավանդույթը` 1935 թ.-ին ամուսնու հետ միասին արժանանալով Նոբելյան մրցանակի արհեստական ռադիոակտիվության գյուտի համար:
4 Նիկոլայ II Ցար և Ալեքսանդրա Ֆյոդորովնա
Հեղափոխական խժդժություններ, անբուժելի հիվանդություն, դժբախտ սեր… Այս սիրային պատմության մեջ կան մելոդրամային բնորոշ բոլոր տարրերը: Այն ներշնչման աղբյուր է հանդիսացել երկու օպերային ներկայացումների համար: Անգլիայի Վիկտորիա Թագուհու թոռնուհին, ով հետագայում հայտնի դարձավ իբրև Ալեքսանդրա Ֆյոդորովնա Ռոմանով, մերժեց իր մորաքրոջ որդի Արքայազն Ալբերտ Վիկտորի ամուսնության առաջարկությունը, քանզի դեռևս 1889 թ.-ին սիրահարվել էր Ռուսաստանի թագաժառանգ Նիկոլային: Նրա սերը փոխադարձ էր, ուստի Նիկոլայը համոզեց իր դժկամ հորը հավանություն տալ իրենց ամուսնությունը: 1894 թ.-ի Նոյեմբերկին` Ցարի մահից և Նիկոլայի թագադրումից մի քանի շաբաթ անց, զույգն ամուսնացավ:
Թեպետ հարսանիքը տեղի էր ունեցել մեծ դժբախտությունից` Նիկոլայի հոր մահից հետո, Նիկոլայն ու Ալեքսանդրան երջանիկ ամուսնական զույգ կազմեցին և ունեցան 4 դուստր և մի զավակ, ում նրանք կոչեցին Ալեքսեյ: Ցարևիչը իր հորից ժառանգեց թագաժառանգի կոչումը, սակայն նրա մայրը շատ ավելի ծանր ժառանգություն էր կտակել նրան: Ալեքսեյին մորական կողմից ժառանգաբար անցել էր հեմոֆիլիա հիվանդությունը: Ալեքսեյին կորցնելու մտքից ահաբեկված` նրա ծնողները իրենց հույսը դրեցին «խելացնոր վանական» Գրիգորի Ռասպուտինի վրա, ում կողմից տրամադրվող բուժումը կարծես թե նվազեցնում էր տղայի արնահոսությունը: Այն հանգամանքը, որ Ցարը գտնվում էր Ռասպուտին ազդեցության տակ, նվազեցրեց ռուս ժողովրդի վստահությունը Ռոմանովների դինաստիայի հանդեպ: Սա նաև նպաստեց այս դինաստիայի տապալմանը 1917 թ.-ի փետրվարյան հեղափոխության ժամանակ: 1918 թ.-ի հուլիսի 16-ին Նիկոլայը, Ալեքսանդրան և նրանց երեխաները բոլշևիկների առաջնորդ Վլադիմիր Լենինի հրամանով սպանվեցին: Թագավորական զույգի սիրավեպը մի նոր արյունալի էջ բացեց Ռուսաստանի պատմության մեջ:
5 Միլդրեդ և Ռիչարդ Լավինգ
Պատենեկության տարիներին սպիտակամորթ Ռիչարդ Լավինգը հանդիպեց սևամորթ Միլդրեդ Ջեթերին: Նրանց հարաբերությունները շուտով վերածվեցին խորունկ սիրո: 1958 թ.-ի հունիսին նրանք երկուսով հեռացան իրենց բնակավայր Վիրջինիայից, որտեղ խառը ամուսնություններն օրենքով արգելված էին: Միլդրեդն ու Ռիչարդը ամուսնացան Վաշինգտոնում: Ամուսնությունից ընդամենը 5 շաբաթ անց ոստիկանության աշխատակիցները գիշերվա կեսին շքամուտքի բաց դռնից ներխուժեցին նորապսակների տուն: Երբ շերիֆը հարցրեց Ռիչարդին, թե նա «ինչ է անում այդ կնոջ հետ անկողնում», 24-ամյա Ռիչարդը պարզապես մատնացույց արեց պատին փակցված ամուսնության վկայականը: Ռիչարդին և Միլդրեդին ձերբակալեցին որպես այր ու կին համագոյակցելու համար: Լավինգներին դատապարտեցին մեկ տարի ազատազրկման:
Զույգը վերադարձավ Վաշինգտոն, որտեղ նրանք ապրեցին 5 տարի և ունեցան երեք երեխա: Կարոտելով իրենց ընտանիքին ու ընկերներին`Միլդրեդն ու Ռիչարդը վերադարձան հայրենիք: 1963 թվականին նրանք կապ հաստատեցին ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ռոբերտ Ֆ. Քենեդու հետ, ով նրանց գործն ուղարկեց Ամերիկայի քաղաքացիական ազատությունների միություն: Փաստաբանները նրանց գործը հասցրին մինչև Գերագույն դատարան: 1967 թ.-ին «Լավինգներն ըննդեմ Վիրջինիա նահանգի» դատավարության ժամանակ միաձայն որոշում ընդունվեց, ըստ որի Վիրջինիայում և 15 այլ նահանգներում խառը ամուսնությունների արգելքը հակասահմանադրական է: Դրանից հետո խառը ամուսնություններն օրինական դարձան: 1975 թ.-ին Ռիչարդը մահացավ ճանապարհատրանսպորտային պատահարից, իսկ Միլդրեդը մինչև 2008 թ.-ի իր մահը ապրեց Վիրջինիայի այն տանը, որն իր համար կառուցել էր իր ամուսինը: