Եվրոպայի հետ հարաբերությունների վատացման մեղավորը Ռուսաստանը չէ, այլ հենց Եվրոպան է: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Վիլնյուսյան գագաթնաժողովի արդյունքներին, այս մասին նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը, հավելելով, որ, եթե Եվրոպան Հայաստանին Թուրքիայի հանդեպ անվտանգության երաշխիքներ տար և «բազար» չսարքեր Արցախի հարցում, ավելի ուրիշ քայլեր կլինեին:
«Սակայն այստեղ տրամաբանական քայլեր են արված, շատ ճիշտ ընտրություն է: Ցանկացածն էլ կաներ այն, ինչ արվեց», - նշեց նա:
Նա նշեց, որ Պուտինին կրկին համարում է լավ լիդեր: Նրա խոսքերով, մենք պետք է կարողանանք և արևմտյանի և արևելյանի լավը համատեղել:
«Եվրոպան չի ուզում Հայաստանը թողներ կապերից դուրս: Այն հարաբերությունը, որ կա արտաքինից տնտեսական է, ներսից ստրատեգիական: Դուք պատկերացնում եք, եթե սեպտեմբերի երեքին համառություն դրսևորվեր, հիմա մեր վիճակն ինչ կլիներ», - նշեց նա:
Անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե Հայաստանի և Ուկրաինայի հանդեպ ճնշումներն են նման որոշման պատճառը, քաղաքագետը նշեց, թե վստահ է, որ Ուկրաինայի հանդեպ շանտաժ եղել է, իսկ Հայաստանի հանդեպ շանտաժի կարիք չկար «Երկու զինվոր հանեք սահմանից և մենք անձամբ կխնդրենք Ռուսաստանին վերադարձնել նրանք: Կարծում եմ դա է եղել հիմնական պատճառը», - նշեց նա: