Ինչպես օրեր առաջ հայտնել էինք, Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցում վախի մթնոլորտ է և լարված իրավիճակ, 6բ դասարանի աշակերտների ծնողները հրաժարվել են իրենց երեխաներին տանել դպրոց՝ դասադուլ հայտարարելով: Պատճառը նույն դասարանում սովորող Հարություն Ղազարյանի և մյուս 25 համադասարանցիների մեջ առաջացած ընդհարումներն են:

Այսօր լրագրողների հետ հանդիպման էին եկել ծնողներ Աննա Փարսադանյանը, Հայկ Մարգարյանը, Ալեքսան Կարադանայանը և Հովհաննես Ուստայանը: Վերջիններս ներկայացրեցին իրողությունը, թե ինչպես է սկսվել ընդհարումը:

Պատմածից պարզ դարձավ, որ Հարություն Ղազարյանն սույն թվականի սեպտեմբերից է հաճախում այդ դպրոց, և համադասարանցիների հետ ընդհարումն սկսվել է այն բանից, երբ Հարությունը ցանկացել է նստել առջևի նստարանին, իսկ համադասարանցիներից մեկը թույլ չի տվել` ասելով, որ այնտեղ պետք է նստի իրենց ընկերը: Սակայն Հարությունը հայտնել է, որ ինքը թույլտվություն ունի դասղեկից, ինչը հարցին լուծում չի տվել, և ամեն ինչ հանգեցրել է ծեծկռտուքի:

Ծնողները հայտնեցին, որ մյուս նորեկներն իրար հետ ընկերացել են, իսկ Հարությունի հետ խնդիրներ են առաջացել: Երբեք ընդհարումներ չեն եղել, ինչպես հիմա է:

«Այս հարցը կկարողանայինք լուծել, եթե Հարությունի ծնողները չտարածեին լրատվամիջոցներով և աղմուկ չբարձրացնեին: Իրենց նամակն` ուղղված ՄԻՊ-ին, ամբողջությամբ ապատեղեկատվություն է, չար ստեղծագործություն է: Դուք պատկերացրեք` այս ամենը կարդում են դասարանցիները, աղջիկս ուղղակի չէր կարողանում կարդալ: Նամակում երեխային Սասունցի Դավիթ են ներկայացրել, ազգի հերոս: Այդ երեխան գալիս է այդ դասարան և ուզում բոլորին թելադրել իր կամքը, ոչ թե մյուսին միասին, այլ առանձին-առանձին»,- ասաց Հովհաննես Ուստայանը:

Նա համոզված է, որ նամակում գրված ոչ մի բան չի համապատասխանում իրականությանը, և, իր կարծիքով, փաստն այն է, որ Հարությունը` միջին կազմվածքով երեխա լինելով, ֆիզիկապես միջին ուժերի տեր, 3 ամսվա ընթացքում հասցրել է տարբեր մարմնական վնասվածքներ մյուս աշակերտներին` քթի կոտրվածք, աչքի վնասվածք, իսկ այս պահին երեխան խնդիրներ ունի ոստիկանության հետ:
Ծնողները հայտնեցին, որ նախարարությունն ու քաղաքապետարանը նույնպես զբաղվում են այս հարցով:

«Մենք` բոլորս էլ զբաղվել ենք այս հարցերով, թե ծնողները և թե ուսուցիչները: Սակայն Հարությունի ծնողների հետ համագործակցել չի ստացվում: Հայրը մտնում և ասում է` ապրես տղաս, այդպես էլ շարունակիր: Դա դաստիարակման ձև չի»,- ասացին ծնողները:

Լրագրողների այն հարցին, թե ինչու Հարությունի ծնողներն էլ չեն եկել հանդիպման, հայտնեցին, որ մյուս ծնողները ցանկություն են հայտնել իրենք ասեն իրենց ասելիքն առանց մյուս կողմի ներկայության, դրանից բացի, ինչպես հայտնեցին ծնողները, հանգիստ զրույց չի ստացվում, ամեն ինչ վերածվում է շուկայական վեճի:

Ծնողները հավաստում են, որ բոլորը` 25 ծնողները, տնօրենն ու դասղեկը ունեն նույն կարծիքը, որ Հարությունն ագրեսիվ է և անընդհատ կոնֆլիկտ է փնտրում մյուս երեխաների հետ:
Լրագրողների այն հարցին, թե ինչպես են իրենք փորձել խոսել իրենց երեխաների հետ Հարությունի հետ շփվելու թեմայով, ծնողները պատասխանեցին, որ ասել են իրենց երեխաներին շփվել Հարությունի հետ, խուսափել կռիվներից և վեճերից, սակայն Հարությունը չի նպաստել նման հարաբերություններին:

Սիրիացի ծնող Ալեքսան Կարադանայանն էլ հայտնեց, որ այս իրավիճակի պատճառով ինքը պատրաստվում է փոխել իր երեխայի դպրոցը:
«Ես վախենում են, որ նույնն էլ կարող է լինել իմ երեխայի հետ, արդեն 4 օր դպրոց չի գնում, թող իրեն բոլորից գերադասող աշակերտի համար հատուկ դասարան բացեն, կամ էլ մյուս 25 աշակերտներին տանեն ուրիշ տեղ: Չենք սպասի, որ ամեն օր երեխաները վնասվածքով տուն գան»,- ասաց ծնողը:

Շարունակելով խոսքը` ծնողներն ասացին, որ իրենց ոչ մի առաջարկ Հարությունի ծնողները չեն ընդունել: Լրագրողների այն հարցին, թե հետաքրքրվել են արդյոք ծնողները, թե ինչպես է սովորել և իրեն դրսևորել Հարությունը նախորդ դպրոցում, ծնողներն ասացին, որ զրույց եղել է տնօրենների միջև, սակայն իրենք չեն ուզում, որ այնպես ստացվի, թե իրենք եկել են և ուրիշի բառերով բամբասանք են տալիս:

Ծնողներից մեկն էլ ասաց, որ ինքը ներկա է եղել, երբ քաղաքապետարանի ներկայացուցիչը խոսել է 114 դպրոցի տնօրենի հետ: Վերջինս ասել է, որ երեխան լավ է սովորել և ընդունակ է եղել:

«Մենք չենք ասում, որ երեխան լավ չի սովորում, կարողանում է լավ վարժ խոսել, մատուցել իր միտքը, բայց այն, որ նա խուսափում է ճշմարտությունից, դնենք մի կողմ: Բայց մեր ունեցած խոսակցությունն ու Կենտրոն հեռուստաընկերության զրույցը չեն համապատասխանում իրար»,- ասաց ծնողը` չպատասխանելով այն հարցին, թե կոնկրետ ինչերը չեն համապատասխանում. «Ասում եմ չեն համապատասխանում, ուրեմն` չեն համապատասխանում»,- եզրափակեց Մարգարյանը:

Այս ծնողը խորհուրդ տվեց լրագրողներին հարցնել նախորդ դպրոցի տնօրենին` ոչ թե ինչպիսի երեխա է եղել Հարությունը, այլ հարցնել քանի հոգի է դուրս եկել նրա դասարանից, քանիսն են լուծարվել, բայց այդպես էլ չբացատրեց, թե ինչ կապ կարող է լինել երեխաների` դասարանից դուրս գալը Հարությունի հետ:

Ասուլիսին չէին ներկայացել նաև այն երեխաների ծնողները, որոնց, իբր, ծեծել էր Հարությունը, քանի որ, ըստ ներկա ծնողների խոսքերի, երեխայի հայրը եկել և ներողություն էր խնդրել:

Ծնողները մինչև վերջ համոզված էին, որ իրենց երեխաները մեղքի բաժին չունեն, իսկ Հարությունը ագրեսիվ և կռիվներ փնտրող երեխա է: