Սերժանտ Ստուբին թափառական անտուն շնիկ էր, որը փրկել է բազմաթիվ կյանքեր, հերոսական քաջագործություններ կատարել, որոնց մասին շատերն ուղղակի կերազեին: Շնիկը ապրում էր Կոնեկտիկուտի Նյու Հեվեն բնակավայրի աղբանոցներում: Մի անգամ փոքրիկ թափառական շնիկը շրջում էր Յելի համալսարանի տարածքում, որտեղ Առաջին համաշխարհային պատերազմին պատրաստվելու համար այդ ժամանակ հետևակայինների 26-րդ դիվիզիայի 102-րդ գունդն անց էր կացնում իր մարզումները: Հենց այդ ժամանակ էլ գնդի զինվորներից մեկը` Ջորջ Ռոբերտ Քոնվոյը, շնիկին վերցնում ու տանում է իր հետ ու նրան անվանում «Սթուբի»: Քոնվոյը թույլ էր տալիս շնիկին քնել զինվորական բարաքում ու կերակրում էր նրան:
Երբ 102-րդ զինվորական գունդն արդեն պատրաստ էր մարտադաշտ մեկնելու, Քոնրոյը շնիկին դնում է իր վերարկուի տակ ու նրան բոլորից գաղտնի տեղափոխում նավ, որն ուղևորվում էր Ֆրանսիա:
Երբ նավն արդեն ճանապարհին էր, Քոնվոյը շնիկին հանեց տախտակամած, ու բոլորն այնքան ոգևորվեցին ու սիրեցին փոքրիկ շնիկին, որ զինվորների վզկապների նշաններից նաև շնիկի համար պատրաստեցին: Երբ Քոնվոյի արարքի մասին իմացավ հրամանատարը, Քոնվոյը նրա ներկայությամբ շնիկին հրաման տվեց ցույց տալ թաթերը, ու շնիկը բարևեց հրամանատարին, ով ապշած նայում էր այդ տեսարանին: Դրանից հետո Սթուբիին պաշտոնապես թույլ տվեցին հետևել դիվիզիային դեպի մարտադաշտ:
Այստեղից էլ ամեն ինչ սկսվեց: Սթուբին ամերիկյան արշավային ուժերի համար իսկական թալիսման էր դարձել: Նրա պարտականությունը մարտադաշտում հոգնած զինվորների տրամադրությունը բարձրացնելն էր, բայց սա միակ բանը չէր, որ նա կարողանում էր անել: Նա մասնակցել է 17 ճակատամարտի: 1918թ.-ի փետրվարին արյունալի մարտերի ժամանակ Սթուբին հաչում էր ու թշնամու հարձակման մասին ազդանշան տալիս իր զինվոր ընկերներին: Գերմանացիների կողմից իրականացված քիմիական զենքով հարձակման ժամանակ շնիկն այնպես էր թունավորվել, որ քիչ էր մնում մահանար: Սակայն ողջ է մնում, ու այդ դեպքից հետո ամեն անգամ, երբ գազի տակառ էր պայթում ամերիկյան զինվորական գծերի մոտ, շնիկը վազում էր զինվորների մոտ, հաչում ու կծոտում այնքան ժամանակ, մինչև որ մարդիկ չէին հագնում իրենց գազային դիմակները: Երբ նրա ընկերները հագնում էին դիմակներն ու շնիկը տեսնում էր, որ նրանք ապահով են, ինքն արագ թաքնվում էր մինչև գազի ամպը կանհետանար:
Շնիկը օգտագործում էր նաև իր սուր լսողությունն, ու մինչև թշնամու կողմից նետված ռումբերը կհասնեին ցամաք ու կպայթեին, նա լսում էր դրանց ձայնն ու արագ զգուշացնում իր զինվոր ընկերներին: Սթուբին իր լսողությամբ ու հոտառությամբ կարողանում էր կանխազգալ գերմանացիների ցամաքային հարձակումները ու, մինչև գերմանացիները տեղ կհասնեին, ժամ առաջ զգուշացնում էր իր զինվորական ընկերներին:
Շնիկի հերոսությունների մասին անվերջ կարելի է խոսել: Այսպես, բացի այն, որ նա փրկում էր բազմաթիվ ամերիկացի զինվորների կյանքը` նրանց հարձակումների մասին զգուշացնելով, նա նաև ռազմադաշտում օգնում էր դաշնակիցների վիրավոր զինվորներին: Ասում են, որ շնիկը հրաշալի տարբերում էր անգլերենն ու գերմաներենը, և երբ լսում էր անգլերեն բառեր, արագ դեպի այդ մարդը ու օգնում վիրավորին: Եթե վերջինս կարողանում էր քայլել, նա նրան առաջնորդում էր ապահով տեղ, իսկ եթե անկարող էր քայլել` Սթուբին կանգնում ու հաչում էր այնքան ժամանակ, մինչև որ օգնություն էր ժամանում: 1918թ.-ի ապրիլին Սթուբին վիրավորվում է գերմանացիների կողմից նետված ականից: Չնայած ծանր վերքերին` նա վիրահատության շնորհիվ կենդանի է մնում, ու ամբողջ ժամանակը, որ նա անց է կացնում զինվորական հոսպիտալում զվարճացնում է վիրավոր զինվորներին իր ներկայությամբ: Իսկ մի քանի ամիս անց նորից վերադառնում է ռազմաճակատ: 102-րդ գնդի զինվորները ամերիկացի զինվորների համազգեստի նման նրա համար նույնիսկ հատուկ բաճկոն էին պատրաստել ու այն զարդարել բազմաթիվ կրծքանշաններով:
Սակայն, ամեն ինչ դրանով չավարտվեց. 1918թ.-ի սեպտեմբերին Սթուբին սահմանի մոտ պարեկություն էր անում, երբ դաշնակիցների խրամատներում նկատեց թաքնված գերմանացի լրտեսին: Նա այնպես էր հաչում նրա վրա, որ, գերմանացին չկարողանալով նրան լռեցնել, ստիպված փախչում է, իսկ շունը նրա ետևից գնալով կծում է, գցում նրան գետնին ու ատամներով պահում նրան այնքան ժամանակ, մինչև որ ամերիկացիները գային ու ձերբակալեին լրտեսին: Նրա այս արարքից հետո նրան սերժանտի կոչում տվեցին ու այսպիսով Սթուբին դարձավ պատմության մեջ առաջին շունը, ում զինվորական աստիճան շնորհվեց: Ամերիկացիները գերմանացի լրտեսի համազգեստին ամրացված երկաթե խաչը հանեցին ու այն ամրացրեցին Սթուբիի բաճկոնին:
Պատերազմից հետո սերժանտ Սթուբին վերադարձավ Նահանգներ, որտեղ նա արդեն մեծ հռչակ ուներ: Նա երկու անգամ այցելել է Սպիտակ տուն ու հանդիպել 3 նախագահներին:
Պատերազմից հետո նա Ռոբերտ Քոնվոյի հետ հաճախում էր Ջորջթաունի համալսարանի իրավաբանության դպրոց ու շուտով դարձավ համալսարանական ֆուտբոլի թիմի խորհրդանիշ ու թալիսման, ու մինչև հիմա էլ համարվում է թիմի խորհրդանիշը: Նրան թույլ էին տալիս ֆուտբոլային առաջնություներին մտնել խաղադաշտ ու, մինչև խաղի սկսելը, քթիկով գնդակը գլորել:
Ամերիկյան պատերազմի հերոս շնիկը` սերժանտ Սթուբին, մահացավ 1926թ.-ին` մոտավորապես 10 տարեկանում: Այժմ նրա չորացված-պահպանված մարմինը դրված է Ամերիկյան պատմության Սմիթսոնիան թանգարանում:
Աղբյուրը՝ Հետարքրասերների բլոգ