Դեկտեմբերի 1-ը Ձիահ-ի դեմ պայքարի միջազգային օրն է:
Որոնք են դրա առաջացման պատճառները և ինչպես կարելի է կանխարգելել, ներկայացրեց սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
Նրա խոսքերով` այս հիվանդությունը ժամանակակից ընտանիքների համար լուրջ խոչընդոտ է:
«Գնալով շատանում է սեռավարակներով պայմանավորված այցելուների թիվը, ինչը պայմանավորված է ամառային հանգստից վերադառնալու հետ: Այսինքն` աշնանն արտահայտվում է ամառային թեթևամիտ վարքագծի արդյունքը: Սեռավարակները սեռական առողջության լուրջ թշնամիներից են: Արդյունքում վտանգի տակ է դրվում ոչ միայն վարակակրի առողջությունն, այլև զուգընկերոջ կամ զուգընկերուհու: Սա հետագայում հանգեցնում է անգամ անպտղության»,- ասաց սեքսոպաթոլոգը` հավելելով, որ մի շարք սեռավարակներ անախտանիշ են` չեն լինում ծակոցներ, քոր, և անձը երկար ժամանակ կարող է կրել այն և անգամ չմտածել, որ պետք է անցնել բժշկական հետազոտություն:
Թե որն է թիրախային խումբը` բժիշկն ասաց, որ առաջին հերթին` մարմնավաճառներն են, թեպետև ասում են, որ իրենք պարբերաբար անցնում են ստուգումներ, սակայն դրանք, բժշկի խոսքերով, երբեմն կասկածելի են, երբեմն էլ թերի:
Շարունակելով խոսքը` բժիշկն ասաց, որ վտանգ են ներկայացնում նաև արտագնա աշխատանքները, ինչը Հայաստանում շատ է: Երկար ժամանակ արտասահմանում մնալով և շատ դեպքերում այնտեղ սեռական չպաշտպանված գործունեություն ծավալելով` մարդիկ, վերադառնալով, չեն մտածում բշժկական-սեքսոլոգիական հետազոտություն անցնելու մասին:
«Դուք գիտեք, թե վերադառնալուց հետո ինչ արագ է ստացվում ամուսնությունը, ինչն էլ առանց հետազոտության բերում է լուրջ խնդիրներ և´ ապագա կնոջ, և´ ընտանիքի կազմավորման համար: Ռիսկի խումբ են կազմում նաև հեռագնա աշխատանքի, այսպես կոչված, բեռնատարների վարորդները, որոնք իրենց աշխատանքի բնույթից ելնելով` երկար ճանապարհ գնալիս ունենում են պատահական սեռական հարաբերություններ` օգտվելով ճանապարհային մարմնավաճառների ծառայություններից: Իսկ կանխարգելման միջոցները երբեմն շատ զավեշտալի են` ավանդական` մեկը հարևանից լսածն է կիրառում ինչ որ լվացումների տեսքով, մյուսը` պապենական` միզելու միջոցով, մյուսը` գարեջրի»,- ներկայացրեց սեքսոպաթոլոգը:
Բժիշկը հավատացրեց, որ սեռավարակներն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել, իսկ բուժումը մեր օրերում շատ թանկ արժե, մանավանդ, երբ դիմում են բավականին ուշ:


