Եթե անձը չի տիրապետում ամենակարևոր հարցերին սեռավարակներից պաշտպանվելու համար, հետագայում կարող է կանգնել լուրջ և ճակատագրական խնդրի առաջ:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի համոզմունք հայտնեց սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը` հավելելով, որ, որպես մասնագետ, ինքը սխալ է համարում պահպանակներ բաժանելու ակցիան, քանի որ, ըստ Շահրամանյանի, պահպանակների բաժանումը հարցի լուծում չէ ոչ միայն Միավ-Ձիահի, այլև բոլոր տեսակի սեռավարակների դեպքում:

«Շատ դեպքերում երիտասարդներն անգամ չգիտեն պահպանակից օգտվելու ձևերի մասին, թեպետև դրանք ինչ որ տեղ լավ միջոց են, սակայն պահպանակը կարող է թողնել իր ազդեցությունը, եթե պահպանվեն բոլոր կանոնները, մասնավորապես այն, որ պահպանակը չպետք է ամիսներով մնա գրպաններում կամ դրամապանակում: Այն կորցնում է իր նշանակությունը, ունենում է մի շարք չերևացող միկրոճաքեր, և երբ գալիս է օգտագործելու պահը, դադարում է պահպանակ կոչվելուց»,- ներկայացրեց Շահրամանյանը:

Սեքսոպաթոլոգը համոզված է` պաշտպանվելու համար լավագույն միջոցը երիտասարդներին սեռական դաստիարակություն տալն է ընթերցանության միջոցով, սակայն, բժշկի հավաստմամբ, չպետք է համացանցում ընթերցել այն նյութերը, որոնք թարգմանություններ են կամ չեն նշում մասնագետի անունը, ով տվել է տեղեկություն, քանի որ այն քիչ հավանական է, որ կհամապատասխանի իրականությանը;

«Սեռական կյանքը և սեռական օրգաններն ամոթալի չեն, ինչպես և ընդհանուր օրգանիզմը: Մարդու սեռական կյանքը հրապարակայնացնել չի կարելի, սակայն երբ հարցը հղվում է կայքերն, վերջիններս էլ ինձ, չհրապարակայնացնել հնարավոր չէ: Այն, ինչ դուք տեսնում եք կայքերում, դեռ փառք է, քանի որ մենք ուշքի ենք բերում հարցը: Դուք չկարծեք, թե հարցն էդպես ուլտրահայրենացված է, հարցը վերակենդանացնում ենք, գռեհկությունը հանում ենք, ոչ մի տարիք ու անուն չի նշվում, պատասխանում ենք մակերեսային»,- նշեց սեքսոպաթոլոգը:

Բժշկի գնահատմամբ` սեռական առողջությունը մարդու ընդհանուր առողջության կարևորագույն մասն է, և դրա մասին խոսելը հակաէսթետիկ չէ:
Բժիշկը դեմ է գռեհկացմանը, իսկ շատ բաց տեսարանները պետք  է չափի մեջ դրվեն:
«Կայքեր կան, որ վերցնում են էնպիսի նյութեր, ինպիսիք են օրգազմի հասնելու 5 միջոցները, կամ չգիտեմ` ընկերուհուդ խենթացելու ձևերը, էրոգեն զոնաների մասերը ինչ որ գռեհիկ նկարներով, դրա դեմ պետք է պայքարել, պետք է մասնագետի հետ խոսել»,- ասաց Շահրամանյանը` հավելելով, որ կայքերից սեքսահոտ է գալիս, սեռաքաղցի տպավորություն է:

Նրա գնահատմամբ, անգամ այն նյութերը, որոնցում կա իր խոսքը, ունենում են այնպիսի ցնցող վերնագրեր, որ ինքն էլ հետո կարդալիս ամաչում է:

Սեքսոպաթոլոգը հավաստիացրեց, որ այլ երկրներում, ինչպես օրինակ Ուկրաինան և Ռուսաստանը, չեն ուլտրասեքսացնում իրենց կյանքը:
«Շատ քիչ է այսօր այն տիրույթը, որտեղից անձը կարող է տեղեկություն ստանալ: Սա կապված է հայկական մենթալիտետի առանձնահատկությունների հետ: Եվ քոմենթներ գրվում են այն մարդիկ, որոնք լուրջ սեռական խնդիրներ ունեն»,- ասաց Շահրամանյանը:

Եզրափակելով խոսքը` սեքսոպաթոլոգը խորհուրդ տվեց միշտ դիմել ճիշտ կանխարգելման, և չշփոթել սեռական դաստիարակություն և զրույց սեքսի մասին արտահայտությունները, դրանք տարբեր երևույթներ են:

«Սեռական անվտանգ վարքագծի նախապայմանը առաջին հերթին քննադատական և զգոն վերաբերմունքն է սեփական կենսակերպի առումով: Երիտասարդները, որոնք պարբերաբար ստուգվում են, իմանալով, որ կորցնում են բավականին մեծ գումարներ, 6 ամիս հետո դարձյալ իմ այցելուն են, ցավոք սրտի: Սա խոսում է թեթևամիտ վերաբերմունքի մասին, որ անձն ինքն, անցնելով այդ դժվարին շրջանը, դարձյալ սեռավարակների նույն փնջով դիմում են մասնագետին»,- եզրափակեց Շահրամանյանը: