Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ֆինանսների նախարարություն և տեղում ծանոթացել պետական կառավարման այդ մարմնում իրականացվող աշխատանքներին ու նախարարության առջև դրված խնդիրների կատարման ընթացքին:
Ֆինանսների նախարարությունում աշխատակիցներից մեկի հարցին, թե ի՞նչ արդյունքներ ունեցավ մեր երկրի համար նախօրեին ավարտված վիլնյուսյան գագաթնաժողովը, որին մասնակցում էր Հանրապետության Նախագահը, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Նորմալ: Ես, անկեղծորեն ասած, ի տարբերություն, երևի, շատ-շատերի, չէի համարում, որ Վիլնյուսը վերջնակետ է, որին պետք է ձգտել հասնել, այնուհետև բերել ցույց տալ, ասել՝ սրանք են արդյունքները: Եվ պատահական չէ, որ Վիլնյուսում կատակով ասում էին՝ Վիլնյուսից հետո կյանքը շարունակվելու է: Իհարկե, կյանքը շարունակվում է: Վիլնյուսը մի հանգրվան էր, իմ կարծիքով, և՛ մեզ համար, և՛ Եվրամիության, և՛ Արևելյան գործընկերության: Իսկ Եվրամիության և Հայաստանի Հանրապետության ընդունած հայտարարությունը հենց մինչ այդ հանգրվանն անցած ճանապարհի գնահատականն էր, այսօրվա մեր տեսլականը՝ ապագայի հանդեպ: Իհարկե, դա նաև փաստաթուղթ է այն ծրագրի մասին, որը մենք իրականացնելու ենք մեր բարեփոխումների շարունակման ճանապարհին:
Մեր ընդունած որոշումներին, առանց բացառության, գրեթե բոլորն ըմբռնումով են մոտենում: Ե՛վ անհատական հանդիպումների ժամանակ, և՛ քննարկումների պահերին միշտ էլ մենք կարողանում ենք մեր դիրքորոշումը ներկայացնել, և այդ դիրքորոշումն ընդունվում է պահը գիտակցած մարդկանց տեսանկյունից: Խոսքը ոչ թե մեր մասին է, այլ այն մարդկանց, ովքեր կարծիք են հայտնում մեր որոշումների վերաբերյալ:
Շատ նորմալ եմ գնահատում: Հայտարարությունը, որ արվեց, կարծում եմ, դուք էլ եք տեղյակ, և գրեթե բոլորը տեղյակ են՝ շատ նորմալ է, հանգրվանային որոշում է, և մենք շարունակելու ենք բարեփոխումները մեր երկրում: Արևելյան գործընկերության հիմնական նպատակը, առանցքը բարեփոխումներն են կոնկրետ երկրում: Եվ այսօր այս դահլիճում հնչածը ևս մեկ ապացույց է, որ մեր երկրում բարեփոխումներ են իրականացվում՝ որոշ ոլորտներում ավելի արագ և ավելի արդյունավետ, որոշ ոլորտներում փոքր-ինչ դանդաղ և ոչ այնքան արդյունավետ, բայց ընդհանուր գործընթացը, կարծում եմ, նորմալ է: Մենք թափ պետք է հաղորդենք այս գործընթացին, և երեկվա հայտարարության մեջ հենց այդ մասին էինք խոսում»:
Խորհրդակցության ավարտին ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի մի շարք աշխատակիցներ արժանացել են խրախուսանքի. բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար՝ գործառնական վարչության պետական բյուջեի հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Այվազյանը, տնտեսության սոցիալական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ Ժորա Ասատրյանը, պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Արման Պողոսյանը պարգևատրվել ենՀայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով: