«Սույն թվականի նոյեմբերի 18-ին ստիպված էի հանդես գալ հոդվածով (http://yerevannews.am), որում անդրադարձա ֆիզիկայի ամբիոնի վարիչ Ա. Խաչատրյանի և Միջբուհական և շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Ա. Զապրոսյանի կողմից հրապարակված հոդվածների որոշ հարցերին, իմ կարծիքով կոռեկտության սահմաններում և առանց անձնական վիրավորանքների:
Հարգելի գործընկերներ, ղեկավարների (խոսքը գնում է, մասնավորապես, ռեկտորի պաշտոնի մասին) պաշտոնավարման ժամանակահատվածը «կարճ» է, նրանք գալիս և գնում են, իսկ աշխատակիցները՝ մնում: Ուստի հորդորում եմ Ձեզ զերծ մնալ միմյանց նկատմամբ անձնական վիրավորանքներից, եթե նույնիսկ համակարծիք չեք այս կամ այն խնդրի վերաբերյալ:
Հետևողականորեն հարգելով յուրաքանչյուրի սեփական կարծիք ունենալու և արտահայտելու իրավունքը՝ այնուամենայնիվ, ինչպես նախկինում այնպես էլ հիմա, կցանկանայի անդրադառնալ ՀՊՃՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ավտոմատացման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ., (իմ անվանակից) Դավիթ Ղազարյանի (http://www.aravot.am) հրապարակած հոդվածին՝ կետ առ կետ.
ա) Կարդալով ներկայացված հոդվածի Ձեր պոլիտեխնիկյան ինքնակենսագրականը՝ այնուամենայնիվ կրկին կոչ եմ անում ամբողջ Պոլիտեխնիկի անունից հանդես չգալ՝ թեկուզ ներողություն խնդրելու պարագայում: Ինչ վերաբերում է Պոլիտեխնիկի Արհկոմի հայտնի ժողովում տեղ գտած բողոքի բուռն պոռթկման արտահայտման ձևին (դոփյուններին), որոնցից Դուք ամաչել էք՝ հավատացնելով, որ դա չէ «իսկական Պոլիտեխնիկը», կարծում եմ դա բնորոշ է նաև քաղաքակիրթ եվրոպական երկրներին, ավելին, դրանցում բողոքի գործընթացի զարգացումները կրում են ավելի դինամիկ բնույթ՝ վերածվելով գործադուլների և այլն:
Պարոն Դ. Ղազարյան, ի դեպ կցանկանայի իմանալ ամոթխածությունը որքանով է կապված ուսանողների և մամուլի ներկայացուցիչների ներկա գտնվելու փաստի հետ: Կցանկանայի իմանալ նաև, իսկ Դուք ամոթալի չեք համարում, սույն թվականի մարտի 1-ին Պոլիտեխնիկի բակում Պոլիտեխնիկի 80 ամյակի տոնակատարությունների շարքից կազմակերպված համերգի անցկացումը (անկախ այն բանից մասնակցել եք այդ համերգին, թե ոչ), այն դեպքում, երբ նույն պահին Հայ Առաքելական Եկեղեցում 5 տարի առաջ այդ օրը հայասպանության զոհերի հոգու հանգստության պատարագ էր մատուցվում: Միթե դա է «իսկական Պոլիտեխնիկը»: Գովաբանելի կլիներ, եթե Դուք այդ օրը մասնակցած լինեիք զոհերի հիշատակին կազմակերպված երթին դեպի Ա. Մյասնիկյանի արձան: Ինչևէ, ինձ առավել հաճելի է լինել Պոլիտեխնիկի մաս, որն ազատ, անկաշկանդ, թեկուզ պոռթկալից է:
բ) Դուք Ձեր հոդվածի 6-րդ պարբերությունում նշում եք, որ «մատնացույց է արվում և հիշատակվում ռեկտոր Ավետիսյանի բազային կրթությամբ ոչ ինժեներ լինելը», հավելելով բողոք-ալիքների հիմնական կազմակերպչի բազային նույն կրթությունը և հետևաբար ինժեներ չլինելը: Կարծում եմ բողոքի մասնակից կամ կազմակերպիչ անձի կրթությունը կապ չունի վերջինիս կողմից արձանագրված փաստի հետ: Ինչ վերաբերվում է պրոֆեսոր Ա. Խաչատրյանին, նա ավելի քան 20 տարի աշխատում է Պոլիտեխնիկում, երկար տարիներ ղեկավարելով ֆիզիկայի ամբիոնը, քաջատեղյակ է ինժեներական կրթության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի բեռնվածքների կազման նրբություններին և կարծում եմ նաև Ձեր կրթության մեջ էլ ունի իր ներդրումը: Ուստի պրն. Խաչատրյանի կողմից արտահայտած մտքերը կամ տեսակետները մեջ բերելիս եղեք առավել կոռեկտ:
գ) Ձեր հոդվածի 7-րդ պարբերությունում Դուք բավականին լուրջ մեղադրանք եք հնչեցնում նախկին պրոռեկտորի հասցեին: Տարբեր պիտակները և որակումները էթիկայի դաշտից են և ես չեմ ցանկանում կրկնվել, սակայն իբրև ՀՀ քաղաքացի Դուք պարտավոր եք դիմել համապատասխան իրավապահ մարմիններին՝ ներկայացնելով փաստեր վերոնշյալ անձին պատասխանատվության ենթարկելու համար: Կուզեի հավելել նաև, որ իմ ներկայությունը Պոլիտեխնիկի կյանքում առավել տևական է Ձերից, և ես այդպիսի հավաստի տեղեկատվություն չեմ ունեցել և ոչ մի ղեկավարի վերաբերյալ: Կարծում եմ, որ Ձեր հոդվածի այս պարբերությունը հուզական բնույթ է կրում կամ էլ ուղղորդված է և թակարդ կարող է դառնալ Ձեզ համար: Նույն պարբերությունում դուք փորձում եք ուղղորդել պոլիտեխնիկցիներին շնորհակալ լինել նոր ռեկտորին, թեկուզ այն բանի համար, որ նա ազատեց Պոլիտեխնիկը պրոռեկտոր Լաերտ Հովհաննիսյանից, ինչը Պոլիտեխնիկի զարգացման անհրաժեշտ նախապայմանն էր: Չլինելով հոռետես՝ ես կկարողանայի ընդունել ասվածը, եթե իրոք Պոլիտեխնիկը այս երկու տարիների ընթացքում արձանագրած լիներ առաջընթաց: Հարց է ծագում, ինչն եք Դուք համարում առաջընթաց. Պոլիտեխնիկի բակի ասֆալտապատումը (ի դեպ Պոլիտեխնիկի բակ ասելով ես հասկանում եմ նաև 5-րդ մասնաշենքի հետնամասը՝ ավտոկայանատեղին, ինչը չափազանց անմխիթար վիճակում է), 2012թ-ի Ամանորի շեմին 13-րդ աշխատավարձի վճարումը, որոշ մասնաշենքերի վերանորոգումը: Չնյութականացնելով Պոլիտեխնիկի մի խումբ աշխատակիցների ընդվզումը տիրող իրավիճակի նկատմամբ՝ այնուամենայնիվ նշեմ, թերևս Դուք մոռացել եք նախկինում գրեթե ամեն տարի տեղի ունեցող աշխատավարձերի բարձրացումները: Իսկ 2012թ-ի Ամանորի շեմին տրված 13-րդ աշխատավարձի, ինչպես նաև արված այլ գործերի համար կարծում եմ միայն շնորհակալական խոսքեր են հնչել:
Պոլիտեխնիկի ֆինանսական կառավարման մասին կարելի է խոսել չափազանց երկար, այդ իսկ պատճառով հատուկ Ձեզ համար, պրն. Դ. Ղազարյան, կներկայացնեմ ըստ իս կարևորագույն մի քանի խնդիրներ, իսկ ամբողջական վիճակի ստացման համար կարծում եմ և հուսով եմ, այնուամենայնիվ, կիրականացվի իսկապես «անկախ» ֆինանսական աուդիտ՝ պարզելու ֆինանսական գործունեության արդյունավետությունը:
Իսկ հայտնի ժողովից ինձ պարզ դարձավ, որ ՀՊՃՀ կառավարման խորհրդի նախագահը նույնպես տեղյակ չէր ֆինանսական ծանր վիճակին և կայունացման ֆոնդի խնդրին: Ժողովում հնչած աշխատավարձերի զանգվածային իջեցման մեղադրանքներին ի պատասխան ռեկտոր Ա. Ավետիսյանը հայտարարեց, որ ԲՈւՀ-ում ֆինանսական ճգնաժամ է, իսկ ԲՈւՀ-ի ղեկավարությունը թույլ է տվել միայն մեկ վրիպակ, այլ ոչ թե սխալ: Հավանաբար ՀՀ Աշխատանքային օրենսգրքի (Հոդվածներ 188, 194), «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 692-Ն որոշման խախտումը հանդիսանում է վրիպակ: Իհարկե սխալվել կարող են բոլորը, սակայն դրանք ընդունելն ու դրանից դասեր քաղելը հատուկ է ոչ բոլորին: Ասել կուզեմ, որ պրոֆեսորադասախոսական անձնակազմի մի շարք աշխատակիցների աշխատավարձերն իջեցվել են արդեն 2013թ-ի հունվար ամսից, որի հետ կապված դժգոհությունները ռեկտորին բնորոշ կոշտ ոճով լռեցվեցին ամբիոնների վարիչների հետ արտահերթ հանդիպման միջոցով, որտեղ և առաջին անգամ ռեկտորի կողմից կոչ արվեց պատերի տակ խոսելու փոխարեն արտահայտվել ազատ, ինչը և արվում է այս 3 ամիսների ընթացքում: Եվ քանի որ խոստացվել էին աշխատանքի արդարացի պայմաններով բարեփոխումներ, այդ խնդիրը համարվեց լուծված: Աշխատանքի արդարացի պայմաններ ասվածը նշանակում էր անցում վճարման տարբերակված համակարգի, որի դեպքում սակայն վճարվելու էր այդ պահին վճարվող փաստացիից ոչ պակաս աշխատավարձ: Սակայն այդ խոստումը, ինչպես և մի շարք այլ բանավոր խոստումներ չկատարվեցին: Կարծում եմ գոնե դեկանները և ամբիոնների վարիչները վկա են վերջին 2 տարիների ընթացքում խոստումներով սնվելու փաստին: Վերադառնալով ԲՈւՀ-ի ֆինանսական ճգնաժամին՝ կցանկանայի նշել, որ ճգնաժամը երկրաշարժ չէ և այն կարելի է որոշակիորեն կանխատեսել, ստեղծել հակաճգնաժամային կառավարման հանձնաժողով, կազմել հակաճգնաժամային ծրագիր՝ տեղեկացնելով ինչպես ստորադաս, այնպես էլ վերադաս մարմիններին: Համոզված եմ, որ բողոքի ակցիայի բացակայության պայմաններում, այդ «վրիպակը» գիտակցաբար չէր էլ նկատվի:
Քանի որ Ձեր հոդվածում Դուք անդրադարձել եք նաև ԲՈւՀ-ի ֆինանսական և տնտեսական գործունեությանը, կցանկանայի Ձեր ուշադրությունը սևեռել նաև այն հարցին, որ վերջին ամիսներին խոսվել է միայն ԲՈւՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերի իջեցման մասին, մինչդեռ, եթե Դուք ցանկություն կունենաք հետագայում հանդես գալ այլ հոդվածով կամ դրանց շարքով, անդրադարձեք պրոֆեսորադասախոսական և Պոլիտեխնիկի ընդհանուր կազմի հարաբերակցությանը, համեմատեք այդ ցուցանիշը այլ ԲՈւՀ-երի հետ, առանձին ներկայացրեք ըստ բաղադրիչների աշխատավարձերի ֆոնդերը: Հարգելով ԲՈւՀ-ի բոլոր բաժանմունքների աշխատակիցներին՝ այնուամենայնիվ կուզեի շեշտել պրոֆեսորդասախոսական կազմի կարևորությունը և տվյալ տեսակի գործունեության (բարիքների ստեղծման) տեսանկյունից գերապատվությունը:
Վերադառնալով առաջընթացի թեմային՝ կցանկանայի նշել, որ ցանկացած գործում, այդ թվում և գիտակրթական ոլորտում, գործունեության հաջողության մեջ կարևորագույնն է հանդիսանում մարդկային գործոնը, իսկ այսօր Պոլիտեխնիկում կադրերի արտահոսք է նկատվում: Դուք վստահաբար խոսում եք ելույթ ունեցող ազատված աշխատակիցների ազատման արդարացված լինելու մասին, իսկ արդյոք պատասխանատու եք այն բոլոր ելույթ չունեցած աշխատանքից ազատված աշխատակիցների համար: Ի դեպ, ըստ ՀՊՃՀ ռեկտոր Ա. Ավետիսյանի, նա զանգվածային կրճատումներ չի էլ կատարել, այդ ամենն արել են ամբիոնների վարիչները: Սա նման է մահապատժի դատապարտման գործընթացին. Դատավորը դատապարտում է մեղադրյալին մահապատժի, դահիճը ի կատար է ածում այն: Ապա պարզվում է, որ դատարանը սխալվել է. ինչ եք կարծում դահիճն է մեղավոր: Եթե ամբիոններին հատկացվող բեռնվածքը էապես նվազել է, ամբիոնների վարիչներին այլ բան չի մնում, քան կրճատել աշխատակիցներին կամ աշխատակիցների բեռնվածքները: Իսկ արդյոք արդարացված են կրճատվել բեռնվածքները, արդյոք մեծ հոսքերի ստեղծումը բացասաբար չի անդրադարձել ուսման և դասավանդման որակների վրա, պատճառ դարձել կադրերի հոսունության, արդյոք Պոլիտեխնիկի ղեկավարության կողմից իրականացվել է զարգացման գրագետ ռազմավարություն: Արդյոք նպատակահարմար էր բարձրացնել ուսման վարձը. բերեմ «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (ըստ ճյուղերի)» և «Բնօգտագործման տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությունների ուսման վարձերի օրինակները, դրանք ամենաբարձրն են ՀՀ բոլոր ԲՈւՀ-երի (պետական) նույն մասնագիտությունների գծով ինչպես բակալավրական, այնպես էլ մագիստրական կրթական ծրագրերի համար: Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ:
Հաճույքով կլսեի նաև Ձեր մեկնաբանությունները գիտական գործունեության բնագավառում վերջին 2 տարիներին արձանագրված հաջողությունների մասին, Պոլիտեխնիկում տեղի ունեցող ամբիոնների «տրամաբանական» միավորումների, միգուցե նաև հետագայում ֆակուլտետների վերաբերյալ: Ի դեպ, կարծում եմ տնտեսագիտական ուղղվածության ամբիոնների միավորման ժամանակ խախտվել է ՀՊՃՀ կանոնադրության 46-րդ հոդվածի 2-րդ կետը (Համալսարանի ռեկտորը կազմակերպում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը), ինչպես նաև 112-րդ հոդվածի 2-րդ մասը (Համալսարանի գիտամանկավարժական աշխատողներն իրավունք ունեն մասնակցելու համալսարանի գործունեությանն առնչվող բոլոր հարցերի քննարկմանն ու լուծմանը), քանի որ միավորված ամբիոնների աշխատակիցների հետ, ինչպես նաև ֆակուլտետների խորհուրդներում այդ հարցերը չեն քննարկվել:
Կուզեի նաև Ձեր մեկնաբանությունները լսել, կապված ուսումնական գործընթացի հիմքը հանդիսացող 2013թ-ի ամռանը հաստատված ուսումնական պլանների վերաբերյալ, որոնց կազման տրամաբանությունը պրակտիկ դաշտից չէ: Քանի որ ես ճյուղային տնտեսագիտության և կառավարման մասնագետ եմ, կխոսեմ մեր մասնագիտությունների մասին, մասնավորապես. որքանով է տրամաբանված «Էկոլոգիական իրավունք» դասընթացի վարումը Փիլիսոփայության և սոցիոլոգիայի ամբիոնի կողմից, նույն ճակատագրին էր արժանանալու նաև «Լեռնային իրավունք» դասընթացը («առաջարկվել էր» փոխանցել իրավագիտության ամբիոնին), կարծում եմ նույն ճակատագրին կարող էր արժանանալ «Ալգորիթմական լեզուներ» դասընթացը (եթե ի հարկե այդպիսին կա)՝ անցնելով լեզուների դեպարտամենտին: Որքանով է տրամաբանական, որ այդ նույն ուսումնական պլանով «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (Լեռնամետալուրգիայի ճյուղում)» մասնագիտության ընդհանուր բնագավառի և մասնագիտական բլոկների դասընթացները կազմում են ընդհանուր ուսումնական պլանի դասընթացների 50%-ը և ընդամենը 8 դասընթաց է իրականացվելու զուտ այդ ճյուղի տնտեսագետ մասնագետների կողմից: Փորձեք հիմնավորել այս ամենի լույսի ներքո դիտվող կամ սպասվող առաջընթացը:
դ) Պակաս կարևոր չէ նաև հայտնի ժողովում ՀՊՃՀ ուսանողական խորհրդի նախագահի կողմից բարձրաձայնած հարցը, կապված լսարանային պայմանների հետ (ներկայացվել են ՀՊՃՀ 6-րդ մասնաշենքում առկա, այսպես կոչված, լաբորատորիաների նկարները, որտեղ մինչ հիմա դասեր են իրականացվում, ի դեպ մասնաշենքի քիչ թե շատ բարվոք վիճակում գտնվող լսարանները մի քանի տարի է տրամադրվել են քոլեջին, կարծում եմ քոլեջի և ԲՈւՀ-ի ուսումնական գործընթացների համատեղումը մի վայրում անընդունելի է), և կարծում եմ կատարված ահռելի ծավալի շինարարական աշխատանքները կենտրոնացնել մի ուղղությամբ այդքան էլ ճիշտ չէ, այն էլ Պոլիտեխնիկի մի շարք մասնաշենքերի, մեղմ ասած, ոչ բարվոք լսարանային և լաբորատոր պայմաններում: Պոլիտեխնիկը միայն վերանորոգված և կահավորված լաբորատոր մասնաշենքը չէ, այն ունի պրակտիկայում ակտիվ գործող մասնագիտություններ, օրինակ՝ ընդերքաբանություն, մետալուրգիա, էներգետիկա, որոնք ՏՏ ոլորտին զուգընթաց նույնպես հանրապետության հիմնական և գերակա ճյուղերն են հանդիսանում: Ուստի ցանկացած որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել ոչ միայն շուկայական պահանջարկը, այլև պետական քաղաքականությունը:
Ի դեպ, կարծես թե հումորով արտաբերած Ձեր այն միտքը, որ «Մադագասկար և Զիմբաբվե պետությունների մանկավարժական համալսարանների ամբիոններն ու ուսանողները չէ, որ պետք է գան ու դաս անեն այստեղ» կրկին կոռեկտության և իրականության դաշտից չէ, ցավոք նշեմ, որ Պոլիտեխնիկից կադրային հոսք է նկատվում նաև աֆրիկյան երկրներ, մասնավորապես Հասարակածային Գվինեայի համալսարաններ:
Վարչական աշխատողների բարեհամբույր սպասարկման հուզական խոսքերն ինձ հիշեցնում են նախորդ դարի 80-90 ականների հնդկական ֆիլմերը, որտեղ բոլորն իրար սիրում են և ֆիլմի վերջում պարզվում է նրանց բարեկամական կապի մասին: Ի դեպ, Ձեզ ևս մեկ անգամ կոչ կանեի գործընկերների (մանավանդ կին գործընկերների) հետ շփումներում ցուցաբերել նման բարեհամբույր վարվելակերպ:
Եվ վերջապես ես լիովին համաձայն եմ Ձեզ հետ, որ անհրաժեշտ է Պոլիտեխնիկը դուրս բերել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ճահճացած վիճակից: Ուղղակի նախ անհրաժեշտ է ախտորոշել պրոբլեմները, ապա հեռացնել դրանք:
Հարգանքի են արժանի Պոլիտեխնիկի բոլոր այն աշխատակիցները, որոնք 90-ական թվականների մութ և ցուրտ տարիներին ամսական 3000 դրամ աշխատավարձով կատարել են անկախ Հայաստանի իրենց սուրբ պարտականությունը՝ չկորցնելով դեմքը և ներկայումս նույնպես շարունակում են ապրել ու արարել նույն կերպով, ի դեպ ես սովորել եմ Պոլիտեխնիկում հենց այդ ժամանակաշրջանում:
Եվ վերջապես Պոլիտեխնիկին հասցված բարոյական վնասի մասին ասել կուզեի, որ անդեմ ապրելու փոխարեն գերադասում եմ ազատ և անկաշկանդ արտահայտման ոճը, քանզի կարծում եմ դասախոսը իր նմանատիպ կեցվածքով ոչ պակաս կարևոր դաստիարակչական ֆունկցիա է իրականացնում: Ես միայն ողջունում եմ ռեկտորի վարած քաղաքականությունը դրական գնահատող բոլոր հրապարակումները, քանզի դա էլ արտահայտման ձև է, այլ ոչ թե անտարբեր լռություն: Կողջունեի նաև բոլոր գոհունակների կողմից տարբեր ակցիաների, ասենք օրինակ, հօգուտ ռեկտորի վարած բարեփոխումների ստորագրահավաքի կազմակերպումը, որը հստակություն կմտցնի ստեղծված իրավիճակի առումով»:
ՀՊՃՀ վերակազմավորված «Ճյուղային տնտեսագիտություն և կառավարում-1» ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Դավիթ Անդրոյան


