ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանում տիրող հետընտրական իրավիճակին:
Թևան Պողոսյանը մասնավորապես գրել է.«
2013 թվականի Նախագահական ընտրություններից մեծ սպասելիքներ ունեինք բոլորս: Հիմա հետ նայելով անցած ընտրություններին, մենք պետք է կարողանանք պատասխանել մեկ հարցի՝ արդյո՞ք այս ընտրությունները նպաստեցին մեր հասարակության մեջ վստահության բարձրացմանը, արդյո՞ք ընտրություններից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ համընդհանուր տրամադրվածություն կա ձեռք ձեռքի տված ողջ հասարակությունով առաջ գնալու ու մեր բոլորի հայրենիքը նոր բարձունքների հասցնելու: Անձամբ ես նման համաժողովրդական ոգևորություն չեմ տեսնում: Հասարակության վստահության բարձրացում էլ չեմ տեսնում:
Բայց մի կարևոր ու շատ ուրախալի փաստ չտեսնել հնարավոր չէ. քաղաքացիական հասարակությունն այսօր Հայաստանում ամուր է ավելին, քան երբեք: Նա խոսք ունի ասելու մեր հասարակության համար նշանակություն ունեցող բոլոր հարցերում, և նրա ձայնը չլսել հնարավոր չէ: Այս ընտրություններում դա հատկապես ընդգծվեց ու տեսանելի է նաև հետընտրական գործընթացներում:
Այս ամենը մի բանի մասին է վկայում: Եվ՛ քաղաքացիական հասարակության, և՛ քաղաքական դաշտի և, որ ամենակարևորն է, մեր ողջ հասարակության պահանջը մեկն է. այս հուսահատ վիճակը ուղղակի անտանելի է, անհեռանկարայնության զգացումը ոչ մի լավ բանի չի հանգեցնելու: Այս օրերին Հայաստանի քաղաքներում ու գյուղերում և Երևանում՝ մասնավորապես Ազատության հրապարակում շարունակվող պայքարը հենց անհեռանկարայնության դեմ է, օդի նոր հոսքի համար է, թարմության համար է, լուսավորության համար է: Այն որևէ մեկի դեմ չէ, բոլորի համար է, ապագայի համար է, մեր երեխաների համար է: Եվ ինչքան էլ ընդունվի կամ չընդունվի, հավատ ներշնչի կամ ոմանց մոտ անգամ թերահավատություն, ինչպիսի երանգ ու ձև էլ ստանա այդ պայքարը, այն անպայման հաջողություն է բերելու: Չեմ կասկածում: Բոլորիս է բերելու»: