ԱԺ նիստի սկզբում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ելույթում հարց ուղղեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` հայտնելով, որ վաղ առավոտից մայրաքաղաքում բողոքի ցույցեր են իրականացվում՝ ՎլադիմիրՊուտինի այցի կապակցությամբ և ոստիկանությունը մի շարք ակտիվիստների բերման է ենթարկել:
«Ինքս` որպես ԱԺ պատգամավոր, մտահոգված եմ: Արդյոք չարժե՞, որ ԱԺ-ն անդրադառնա այս իրավիճակին, որովհետև երբեմն ականատես ենք լինում նրան, երբ ակտիվիստներին ուղղակի բերման են ենթարկում, ուղղակի ուրիշներին ահաբեկելու համար: Չե՞ք կարծում, որ ԱԺ-ն պետք է ձև գտնի այս հարցում»,- իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը:
«Ես դատապարտում եմ յուրաքանչյուր անօրինականություն, իսկ ինչ վերաբերում է ձեր նշած փաստերին, ապա եթե կլինի որևէ դիմում, բողոք՝ մենք անպայման կվերանայենք»,-ի պատասխան ԱԺ պատգամավորի հարցին` ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ իր ելույթում ԱԺ նախագահին ասաց, որ իր գործընկերներն ընդամենը մի մասը հայտնեցին: «Այսօր բազմաթիվ քաղաքացիներ դժգոհում են, որ իրենց պարտադրում են դրոշներով դուրս գալ փողոց և դիմավորել Պուտինին: ՀՀ-ում այս արատավոր երևույթը գոյություն ունի, երբ մարդկանց ստիպողաբար մարդկանց հանում են մասնակցելու ինչ-որ միջոցառման: Արդյոք դուք դատապարտու՞մ եք այս երևույթը»,-ասաց Զարուհի Փոստանջյանը: Ի պատասխան Զարուհի Փոստանջյանի հարցին՝ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ես կոնկրետ որևէ բողոք չեմ ստացել, բայց ես համամիտ չեմ ձեր նշած նախաձեռնությունների հետ, որտեղ մարդկանց իրենց կամքից անկախ ստիպում են դիմավորել որևէ մեկին, իսկ եթե ունեք փաստեր, գրավոր դիմում ներկայացրեք, և անպայման կանդրադառնանք անօրինական քայլերին»: