«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի խոսափողն ինչպես միշտ անջատեցին՝ հորդորելով նրան խոսել օրակարգից:

Զարուհի Փոստանջյանը հաջորդ ելույթի ժամանակ ասաց. «Ես կխնդրեի տարրական էթիկա ցուցաբերեիք և ոչ թե խոսափողս անջատեիք, և ուզում եմ ասել, որ ինչպես բոլորին եք շնորհավորում՝ ծննդյան տոների կապակցությամբ, այնպես էլ մեր խմբակցության պատգամավորին էիք պարտավոր շնորհավորել: Բայց դա արդեն ձեր էթիկայից է բխում, բան չունեմ ասելու»:

Հովիկ Աբրահամյանն իր հերթին ասաց. «Տիկին Փոստանջյան, Դուք իմ կոռեկտության և տարրական կուլտուրայի վրա մի կասկածեք, և եթե դուք ուշադիր հետևեք, ապա կտեսնեք, որ մենք ծննդյան տոները շնորհավորում ենք օրակարգը հաստատելուց հետո: Ու ես պատրաստվում էի շնորհավորել ոչ միայն ձեր խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանին, այլև Արտաշես Գեղամյանին, իսկ դուք շտապեցիք»: Օրակարգը հաստատելուց հետո Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց ԱԺ պատգամավորներին և ասաց.«Շնորհավորում եմ, բայց ոչ տիկին Փոստանջյանի հուշելով»: