«Հրապարակը» գրում է. Այս շաբաթ Ազգային ժողովում մեկնարկելու են 2014 թ. բյուջեի քննարկումն ու, վերջապես, քվեարկությունը։ Ֆրակցիաների համար սա տարեվերջյան դրսեւորման վերջին հնարավորությունն է։ Ֆրակցիաները պատրաստվում են, իսկ ԲՀԿ-ում, բացի այս գծով պատրաստվելուց, մի քիչ էլ խառն են ներխմբակցական հարցերով։

Ըստ ԲՀԿ մեր աղբյուրների, մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի ակտիվությունն ու ինքնադրսեւորումները դուր չեն գալիս «կարկառուն» ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին, ով դե ֆակտո իրականացնում է խոսնակի դերը։ Տիգրան Ուրիխանյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հարաբերությունները հատկապես սրվել են Գագիկ Ծառուկյանին ավելի մոտ գտնվելու պատճառով։

Դե յուրե խոսնակ Ուրիխանյանին Զոհրաբյանը վերջերս սաստել է՝ ցույց տալով նրա տեղը կուսակցությունում, ինչպես նաեւ ընդգծել իր ով լինելը կուսակցության կյանքում եւ հայտարարել, որ Ծառուկյանի հետ ուղիղ կապ հաստատելու, նորությունները զեկուցելու եւ նման հարցեր քննարկելու իրավունք ունի միայն ինքը»։