Անգլիական The Independent պարբերականում հրապարակվել է Ռոբերտ Ֆիսկի «Հայոց ցեղասպանությունից մոտ մեկ դար անց այս մարդիկ շարունակվում են սպանվել Սիրիայում» հոդվածը, որտեղ ներկայացվում է հայերի դաժան ճակատագիրը Թուրքիայում և Սիրիայում:
Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
«Շուրջ եռեսուն տարի առաջ ես պեղում էի հայերի ցեղասպանության զոհերի գանգերն ու ոսկորները Սիրիայի Խաբուր գետի ափին: Դրանք երիտասարդ մարդկանց ոսկորներ էին, ինչը կարելի էր հասկանալ պահպանված ատամներից, և նրանք 20-րդ դարի առաջին ցեղասպանության`1915 թվականին Օսմանյան թուրքերի կողմից կազմակերպած միտումնավոր, զանգվածային սպանություններին զոհ գնացած մեկ ու կես միլիոն քրիստոնյա հայերից մի քանիսն էին:
Դժվար էր հայտնաբերել ոսկորները, քանի որ Սիրիայի Դեր Զոր քաղաքի հյուսիսում գտնվող Խաբուր գետը ուղղությունը փոխել էր: Սակայն ինձ հետ գտնվող հայ ընկերներս վերցրեցին ոսկորների մնացորդները և տեղափոխեցին Դեր Զորի հայկական եկեղեցի, որը նվիրված է ցեղասպանության ժամանակ զոհված հայերի հիշատակին և ամոթ Թուրքիայի ժամանակակից կառավարությանը, որը շարունակում է հերքել այս ցեղասպանությունը:
Եվ այժմ լրատվամիջոցներում գրեթե չհիշատակված այս սոսկալի սպանության վայրը վերածվել է նոր պատերազմի սպանությունների դաշտի: Զոհված հայերի ոսկորների վրա սիրիական պատերազմն է ընթանում: Ցեղասպանությունից հրաշքով փրկված քրիստոնյա հայերի ժառանգները ստիպված են կրկին արտագաղթել Լիբանան, Եվրոպա, Ամերիկա: Եկեղեցին, որտեղ իրենց վերջնական հանգստավայրն էին գտել զոհված հայերի ոսկորները, վնասվել է նոր պատերազմի արդյունքում, չնայած ոչ մեկ չգիտի մեղավորներին:
Երեկ ես զանգահարեցի Դամասկոսի արքեպիսկոպոս Արմաշ Նալբանդյանին, ով ասեց որ չնայած Դեր Զորի եկեղեցին վնասվել է, սակայն մատուռը չի վնասվել: Նա նաև նշեց, որ եկեղեցին այդքան կարևոր չէ, քան Հայոց ցեղասպանության հիշողությունը և այդ հիշողությունը կարող է ոչնչացվել: Սակայն եկեղեցին առնվազն Հայոց ցեղասպանության վկան է և հուշարձան, ինչպես Յադ Վաշեմը հրեաների համար: Չնայած Իսրայելի պետությունը թուրքերի պես անամոթաբար պնդում է, որ Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն չի եղել,սակայն անձամբ իսրայելցիները օգատագործում են Շոահ բառը, որը նշանակում է հոլոքոստ, ցեղասպանություն հայերի զանգվածաբար սպանությունները նկարագրելու համար:
Հալեպում հայկական եկեղեցին վանդալիզմի էր ենթարկվել Սիրիայի ազատ բանակի կողմից: «Լավ» ապստամբներ, որոնք պայքարում են Բաշար ալ Ասադի ռեժիմը տապալելու համար և հովանավորվում և զինվում ամերիկացիների և Պարսից ծոցի սունի արաբների կողմից: Սակայն Ռաքայում, որը միակ շրջանային կենտրոնն է գրավված Սիրիայի ընդդիմադիրների կողմից, սալաֆիները քարուքանդ էին արել հայկական կաթոլիկ եկեղեցին և վառել ներսի կահույքը: Եվ հարյուրավոր թուրքեր, այն նույն թուրքերի ժառանգները, որոնք փորձեցին ոչնչացնել հայկական ցեղը 1915 թվականին, այժմ միացել են ալ Ղաիդայի մարտիկներին, որոնք հարձակվում են հայկական եկեղեցիների վրա: Եկեղեցու գլխի խաղը հանվել էր և փոխարինվել Իրաքի իսլամական հանրապետության և Լևանտի դրոշով:
Եվ սա ամենը չէ: Նոյեմբերի 11-ին հրթիռը ընկավ Սուրբ թարգմանչաց հայկական ազգային դպրոցի բակում, որին զոհ գնաց դպրոցի երկու աշակերտ Հովհաննես Աթոքանյանը և Վանեսա Բեդրոսը: Մեկ օր ան Բեյրութից Հալեպ հայերին տեղափոխող ավտոբուսը գնդակոծության ենթարկվեց: Երկու օր ան Գևորգ Պոոսյանը սպանվեց արձակված հրթիռից: Սիրիայում հայերի զոհերի թիվը հասնում է 65-ի, սակայն ես ընդունում եմ այն որպես 1.500.065: Հարյուրից ավել հայեր են առևանգվել: Հայերը իհարկե Սիրիայի շատ քրիստոնյաների նման չեն օժանդակում հեղափոխությունը Բաշար Ասադի ռեժիմի դեմ»: