Ազգային ժողովի փետրվարի 26-ի հայտարարությունների ժամին հերթագրված երեք տասնյակ պատգամավորների հայտարարությունների հիմնական թեման, ինչպես և սպասվում էր, ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրություններն ու հետընտրական զարգացումներն էին: Այս մասին գրում է Pastinfo.am-ը:
Խորհրդարանական ընդդիմությունը խոսեց ընտրությունների կեղծված լինելու մասին` քննադատելով իշխանությանը:
«Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը հայտարարում է, որ չի ճանաչում այդ ընտրությունների արդյունքները: Կեղծված ընտրությունների արդյունքում հանրապետության գրեթե ողջ տարածքով բարձրացել է ժողովրդական ընդվզումի հզոր ալիք` ժողովրդի տված իրական քվեներով իշխանություն ձևավորելու պահանջով, որը մեր Սահմանադրության հրամայական նորմերից է»,-մասնավորապես հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
Ասվածը նա փաստարկեց հետևյալ կերպ. «Նույնիսկ ըստ ԿԸՀ-ի կողմից հրապարակված պաշտոնական տեղեկագրի՝ 223 ընտրական տեղամասերում ընտրություններին, ըստ համապատասխան արձանագրությունների, մասնակցել են ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 83,13%-ը, որից 10,78%-ն իր ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ 81,61%-ը՝ Սերժ Սարգսյանին: 46 ընտրատեղամասերում ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 93,57%-ը, որից 6,72%-ն իր ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ 92,18%-ը՝ Սերժ Սարգսյանին: Իսկ առավել անթաքույց զավեշտն այն է, որ հինգ տեղամասերում ընտրություններին մասնակցել են ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 100%-ը, որտեղ միջին հաշվով 5,28%-ը ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ 93,33%-ը՝ Սերժ Սարգսյանին: Կա տեղամաս, որտեղ ընտրողների 100%-ը մասնակցել է ընտրություններին և 100%-ն էլ ձայները տվել են Սերժ Սարգսյանին»:
Ռ.Հակոբյանն ընդծեց, որ թվարկված այս տեղամասերի բացարձակ մեծամասնությունը գյուղական համայնքներում են, որոնցից, ինչպես հայտնի է, բնակիչների կեսից ավելին արտագաղթել է: «Իրենց բնակավայրերը պարտադրված լքած Հայաստանի քաղաքացիների հաշվին եք դուք «հաղթել» ընտրություններում»,-հայտարարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:
Իշխանության ներկայացուցիչների հիմնական գնահատականն այն էր, որ նախագահական ընտրություններն անցել են աննախադեպ հանգիստ մթնոլորտում` ազատ և թափանցիկ, խոսքի ազատության, հանդուրժողականության և քաղաքական բարեկիրթ մրցակցության պայմաններում, որի արդյունքում հաղթել է իրենց թեկնածուն:
«Ժողովուրդն իր կամքը հստակ արտահայտեց` քվեների գերակշիռ մասը տալով և իր հույսը կապելով Սերժ Սարգսյանի հետ: Միևնույն ժամանակ մեր ժողովրդի այն հատվածը, որն իր ձայնը տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին, ևս մեր քաղաքացիներն են, որոնք սակայն, պետք է գիտակցեն, որ այնուամենայնիվ 36,74 ավելի քիչ է, քան 58,64 տոկոսը, ինչը չի նշանակում, որ նրանց ձայնն ու նրանց դժգոհությունն իշխանությունների կողմից հաշվի չի առնվելու», - մասնավորապես հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Ըստ հանրապետական պատգամավորի, ինն ամիս առաջ կայացած խորհրդարանական ընտրություններում մեկ այլ կուսակցության հետ համատեղ «Ժառանգության» ստացած 5 տոկոս ձայներից հետո ներկայիս 36,7 տոկոսից Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ «քաղաքական գլխապտույտ է սկսվել և նա սկսել է կորցնել իրականության զգացումը, սակայն ժողովրդի հաղթանակից խոսող թեկնածուին հարիր չէ փորձել խեղաթյուրել այդ նույն ժողովրդի կամքը, որը նա հստակ արտահայտել է քվեարկության միջոցով»:
«Ընտրությունների արդյունքում պարտված թեկնածուն անընդհատ հայտարարում է, որ ընտրությունները կեղծվել են: Սակայն այդպես էլ չի բացատրում, թե այդ դեպքում ինչպես է պատահել, որ բոլոր 1988 ընտրատեղամասերում ստորագրել են արձանագրությունների տակ: Չի բացատրում, թե ինչու են իրենք մինչ օրս դիմել ընդամենը 10 ընտրատեղամասերի վերահաշվարկի պահանջով: Թե ինչու չեն դիմել, որպեսզի ԿԸՀ-ն չճանաչի ընտրությունների արդյունքները, թե ինչու եռօրյա ժամկետում չբողոքարկեցին ընտրական հանձնաժողովների որոշումները և այլն, և այլն: Բայց` ունկնդրելով Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթները, արդեն իսկ հասկանալի է դառնում, թե ինչու նրանք չեն օգտվել այդ հնարավորությունից: Քանի որ այդ դեպքում էլ ավելի դժվար կլիներ ընտրակեղծիքների մասին կեղծ, շինծու պնդումներ անելը»,-ընդգծեց ՀՀԿ խմբակցության քարտուղարը:
«Որոշ հայտարարություններ, ելույթներ ինձ մտովի տեղափոխեցին կոմունիստական ժամանակի խորհրդարան»,-ընդգծեց հայտարարությունների ժամի ավարտին ելույթ ունեցող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` հավելելով. «Ցավում եմ, որ քծնանքը, շողոքորթությունը, ընդդիմախոսին անպայման հաջորդ հատվածում վարկաբեկելու պարտադիր հատվածը սցենարի անբաժանելի մասն է և ցավում եմ, որ այս աշխատաոճը, այս գործելաոճը շարունակում է մնալ մեր քաղաքական մենթալիտետում պահանջարկված»: Այլընտրանքային համարվող քաղաքական ուժի ներկայացուցիչը նշեց, որ համաձայն չէ, որ Հայաստանում լրջագույն քաղաքական իրավիճակ ստեղծվել է այս նախագահական ընտրություններից հետո. «Քաղաքական, տնտեսական, սոցիալական ծայրահեղ իրավիճակ Հայաստանում բավականին երկար ժամանակ է»: