Վիճակագրական տվյալներով` Հայաստանում յուրաքանչյուր մարդ օգտագործում է 400 գրամ հաց, սա այն դեպքում, որ քանակը չպետք է գերազանցի 100-150 գրամը:
Այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպմանը խոսեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն, ով նշեց, որ պատերազմական ցուցանիշ է, քանի որ նման քանակով մարդիկ հաց սպառում են պատերազմի ժամանակ:
Արմեն Պողոսյանի գնահատմամբ` յուրաքանչյուրը պետք է օրեկան օգտագործի ավելի մեծ քանակությամբ միրգ և բանջարեղեն, ապա կաթնամթերք, հետո միայն հացաբուլկեղեն, սակայն, ինչպես հավաստիացրեց Պողոսյանը, Հայաստանում առաջին տեղում է գտնվում հացամթերքը:
«Սա ծայրահեղ ցուցանիշ է, այդպիսի բան օրգանիզմին չի կարելի: Սա անթույլատրելի սննդակարգ է: Խնդիրը մեր երկրում` հետևյալն է` միայն 3 տոկոսն է մեր երկրում արտադրվում, իսկ մնացած 65-ը ներկրվում են, ու սրա հետ մեկտեղ` այստեղ հացի կրիմինալ թանկացում է լինում, որքան քաշը շատ է, այնքան թանկ է»,- հայտնեց Արմեն Պողոսյանը:
Վերջին տեսակետի հետ չհամաձայնեց Հացարտադրողների Քրաբս ընկերության տնօրեն Անի Հարությունյանն, ով նշեց իր խոսքում, որ առավել կարևոր է հացի որակը, ոչ թե քաշը: Հարությունյանը նաև հարց ուղղեց Արմեն Պողոսյանին, թե ինչպես են առաքվում տարբեր հաց արտադրող ընկերություններ իրենց արտադրանքը, մասնավորապես ինչ պայմաններում, և ինչպես է ընդհանրապես արտադրանքը փաթեթավորվում:
«Կարծում եմ` այսօր ավելի կարևոր է, թե ինչպես են արտադրողներն առաքում հացը: Այսօր շատ ենք հանդիպում առաքողների, որոնք հացը դնում են թվի արկղերում կամ մեքենայի փոշոտ ու կեղտոտ նստարաններին, ինչն ավելի սարսափելի է և անընդունելի: Եվ պարզ չէ անգամ, թե ինչպես են իրականցնում փաթեթավորումը: Խնդրում եմ Ձեզ` պարոն Պողոսյան, ավելի հետևողական լինեք այս հարցում»,- իր խոսքում նշեց Հարությունյանը:
Վերջինս տեղեկացրեց նաև, որ կան ընկերություններ, որոնք խմորի հետ խառնում են նաև շաքարավազ, ինչն, ըստ Հարությունյանի, արվում է հացի գունը պահպանելու և խմորիչին ավելի արագ գործի դնելու նպատակով: Սակայն, Հարությունյանը նաև նշեց, որ դիետիկ հացերի դեպքում նման մոտեցումն արգելված է:
Անի Հարությունյանը խորհուրդ տվեց սպառողներին որոշ ժամանակ տնային պայմաններում թխել իրենց հացը, քանի դեռ պարզ չի դարձել` ինչի հետ գործ ունենք և որոնք են ոլորտում առկա խնդիրը: