Յուրաքանչյուր տարածքի անվտանգությունն ու ապահովությունը կախված է նախ և առաջ ճանապահների բարեկարգությունից ու ապահովությունից:

Ի տարբերոթյուն մեր կառավարության՝ այդ ամենը քաջ գիտակցում է Ադրբեջանի կառավարությունը ու կրակի տակ է պահում Տավուշի մեծ մասը Հայաստանի մյուս հատվածներին կապող միակ բարեկարգ ճանապարհը՝ Բերդ-Վազաշեն-Իջևան մայրուղին: Զինվորական ավտոշարասյունն ու քաղաքացիական մեքենաները գնդակոծած ադրբեջանական զինուժը շուրջ մեկ ամիս է՝ նախկին Շամշադինի շրջանն ու Իջևանի շրջանի Վազաշեն գյուղը պահում է շրջափակման մեջ: Տարածաշրջանի բնակչությունը տարակուսանքի մեջ է. մինչև ձյան տեղալը հնարավոր էր մայրաքաղաք հասնել Բերդ-Ճամբարակ կամ էլ Իջևան-Գանձաքար տարանցիկ ճանապարհներով, որոնք, անգամ բարենպաստ եղանակային պայմաններում խորդուբորդ են ու դժվարանցանելի: Առաջին ձյան հետ Շամշադին տանող այս ճանապարհները փակվել են: Շամշադինը մայրաքաղաքին կապող Բերդ-Գանձաքար-Իջևան ռազմավարական կարևորագույն նշանակության գրունտային ճանապարհը, որ միակն է, որ թշնամու կողմից չի կարող գնդակոծվել, այդպես էլ չվերանորոգվեց:

Շամշադինցին փաստացի մեկուսացման, ավելին՝շրջափակման մեջ է: Բարեկարգ ճանապարհը թշնամու դիպուկահարների նշանակետի տակ է, իսկ հիվանդներին մյուս ճանապարհներով Երևան կամ Իջևան տեղափոխել անհնար է: Շրջանում նորմալ հիվանդանոց ու նորմալ բժիշկ չկա: Բերդի հիվանդանոցի ու նրա տնօրեն Արամ Հարությունյանի անօրինությունների ու կամայականությունների մասին արդեն քանի տարի շամշադինցին բողոքում է՝ ոչ մի օգուտ: Նա էլի աշխատում է իր հանցագործ թիմի հետ ու շրջանի բնակիչները դատապարտված են մարդասպան-բժշկի կեղծ անալիզներին, փող գռփելու համար արվող անհարկի վիրահատություններին ու անթիվ անհամար դաժանություններին: Շատերը հիվանդ են, բայց խուսափում են բժշկի գնալ, հղիների մեծագույն մասը մինչ այդ կոնսուլտացիաներին Երևան կամ Իջևան էր գնում, այնտեղ էլ նրանք ծննդաբերելու էին, սակայն հիմա փաստի առաջ են կանգնել: Բերդի ծննդատունը ավելի շատ սպանդանոց է հիշեցնում, իսկ խորդուբորդ ու ձյունից փակված ճանապարհներով մայրաքաղաք կամ մարզկենտրոն հասնելը հղի է վիժման վտանգով:

Ամբողջ Հայաստանում անվճար գործող շտապօգնությունը տարածաշրջանում Արամ Հարությունյանի կամայականությամբ դարձել է գերթանկարժեք հաճույք: «Ուազ» մեքենան, որը անգամ թթվածնի բալոն ու առաջին օգնությանն անհրաժեշտ ոչ մի պարագա չունի, արժե 20.000 դրամ: «Գազել» մեքենան արժե 50.000, իսկ «Ֆորդ»-ը, որ նվիրել են հիվանդանոցին բնակչությանը անվճար սպասարկելու համար, արժե 100.000 դրամ: Գլխավոր բժիշկը, ճանաչելով շրջանի բոլոր բնակիչներին, միայն հարուստներին է ուղարկում «Ֆորդը», իսկ մնացածները մեռնում են «Ուազ»-ի մեջ՝ հիվանդանոց չհասած: Այս ամենի մասին տեղյակ են պահվել բոլոր համապատասխան մարմիններն ու լրատվամիջոցները, սակայն Արամ Հարությունյանի թիկունքում կանգնած են նրա ընկեր ու համերկրացի Դերենիկ Դումանյանը (Առողջապահության նախարար) ու նրա թոռնիկների կնքահայր, որդու ընկեր Արմեն Աշոտյանը (ԿԳ նախարար):

Իրավիճակն այսօր այսպիսին է՝ շամշադինցին ներքին ու արտաքին թուրքի կողմից շրջափակման մեջ է գտնվում՝ մոռացված իր երկրի ու իր կառավարության կողմից:


«Հանուն Տավուշի առողջ ապագայի»

 

Տեսանյութը` Ար հեռուստաընկերության