Այսօր լուսանկարչությունը, ավելին քան երբևէ, հանդիսանում է հաղորդակցման կարևորագույն միջոցներից մեկը: Յուրաքանչյուր օր միլիարդավոր լուսանկարներ են մարդիկ տարածում համացանցում ու դրանց թիվը գնալով աճում է, սակայն նույնիսկ այդքան ահռելի թվի մեջ, միևնույն է, լավագույն լուսանկարները առանձնանում են ու համացանցի միջոցով հասանելի դառնում հասարակության լայն շերտին: «The Times» ամսագիրն առանձնացրել է 2013թ.-ի ամենախորհրդանշական 10 լուսանկարները, որոնք էլ այս հոդվածում կներկայացնենք ձեզ:
Ջոն Թլումաքի, Բոստոնյան խառնաշփոթը, ԱՄՆ, ապրիլ 15, 2013թ.:
Բոստոնյան Մարաթոնի ահաբեկչության ռումբը Բոյլսթոն փողոցում պայթեց հաղթող վազորդի վերջնակետին հասնելուց մոտավորապես 2 ժամ ու 40 րոպե հետո:
Լուսանկարիչը պատմել է, որ առաջին ռումբը պայթել է իրենից մոտ 13 մետր հեռավորության վրա: Տեսնելով, թե ինչպես է վազորդ Բիլ Իֆրինգը ընկնում պայթյունի ալիքի հարվածից, լուսանկարիչը վազել է նրան լուսանկարելու: Կադրում երևում են նաև այն երեք ոստիկանները, որոնք միաժամանակ դեպի ընկածն են վազում, ու դրանից վայրկյաններ անց պայթում է երկրորդ ռումբը:
Լուսանկարիչը պատմել է, որ սկզբում չի հասկացել` ինչ է տեղի ունեցել, սակայն առաջ քայլելով, ականատես է եղել պայթյունների սարսափելի հետևանքներին: Ամենուր արյուն ու անդամահատված մարդիկ…
Տասլիմա Ախտեր, Սավար Դաքա, շենքի փլուզումը Բանգլադեշում, ապրիլ 24, 2013թ.:
«2013թ.-ի ապրիլի 24-ը դեռ վառ է հիշողություններիս մեջ,- պատմել է լուսանկարիչը,- առավոտյան ժամը 9-ին շտապեցի Ռանա հրապարակ: Այդ առավոտ ես չէի հասկանում, թե ինչ սարսափելի բան է տեղի ունեցել, սակայն ժամերի ընթացքում ամբողջ սարսափին ականատես եղա»: Լուսանկարիչը պատմել է, որ հրապարակը լի էր մարդկանցով, ովքեր փորձում էին օգնել ողջ մնացածներին: Նա ամեն ինչ լուսանկարում էր: Դեռ կեսգիշերին մարդիկ շարունակում էին փնտրել իրենց հարազատներին... ամեն ուր լացի ձայներ էր հնչում:
Գիշերը մոտ ժամը 2-ին լուսանկարիչը նկատել է երկու գրկախառնված դիակների, որոնք անչափ տպավորել են լուսանկարչին ու մտածելու առիթ տվել: Լուսանկարիչը պատմում է, որ մինչև հիմա չի կարողանում մտքից հանել այդ տեսարանը: Երկու` դեռևս իրենց երազանքները չիրականացրած անհատ, ովքեր էժան աշխատուժի զոհը դառնալով, ժամանակից շուտ զրկվել են իրենց կյանքից:
Թիմ Հոլմս, Դունելի, Ավստրալիա, հունվար 4, 2013թ.:
2013թ.ի հունվարի 4-ին Հարավային Տասմանիայի Դունալեյ բնակավայրի ափամերձ հատվածում հրդեհ էր բռնկվել: Լուսանկարիչը պատմել է, որ կնոջ ու իրենց 5 թոռների հետ փորձել են կրակից պատսպարվել ջրի մեջ, քանի որ կրակն իր ճանապարհին ագահորեն խժռում էր ամեն ինչ: Լուսանկարիչը նշել է, որ ջուրը բավականին սառն էր, սակայն նրանց դեմքին կրակի տաքությունն էր զգացվում: Ամենասարսափելին բավականաչափ շնչելու օդ չլինելն էր: Թիմ Հոմեսը պատմել է, որ լուսանկարն արել է կնոջ հեռախոսի միջոցով, որ կարողանա ուղարկել այն իր աղջկան, որպեսզի վերջինս հանգիստ լինի տեսնելով, որ նրանք բոլորը ողջ են ու միասին:
Նրանք ողջ էին մնացել, սակայն կրակը լափել էր նրանց ամբողջ ունեցվածքը:
Դանիել Էթեր, Ստամբուլ, Թուրքիա, հունիս 1, 2013թ.:
Էթերը պատմել է, որ Տաքսիմ հրապարակում հավաքված հեղափոխականների թիվը զարմացրել է իրեն: Սկզբում Գեզի զբոսայգու բողոքը ոչ մի առանձնահատուկ իրադարձություն չէր, ու լուսանկարիչը այդ օրերին մեկնել է Ուկրաինա` այլ լուրերի հետևից, սակայն շուտով Գեզի այգու բողոքները վերափոխվել են Էրդողանի իշխանության դեմ մղվող պայքարի, ու լուսանկարչը կրկին վերադարձել է Թուրքիա:
Հաջորդ օրը Էթերը լուսանկարել է երիտասարդների ու ոստիկանների բախումը Էրդողանի նստավայրի մոտ: Հեղափոխականները ձեռքի տակ ունեցած իրերից բարիկադներ էին կառուցում, իսկ ոստիկանները ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ էին օգտագործում ցուցարարների դեմ: Լուսանկարիչը պատմել է, որ բարիկադների վրա լուսանկարում պատկերված այս թուրք երիտասարդը իր ամբողջ ուժով ծածանում էր Թուրքիայի դրոշը: Լուսանկարիչը պատմել է, որ չնայած ինքը դիմակ էր կրում, այնուամենայնիվ, նույնիսկ այդպես բավականին դժվար էր շնչել, իսկ երիտասարդն, առանց դիմակի կանգնած, ծածանում էր դրոշը, այնուհետև խոնարհվում, փորձում շնչել ու նորից կանգնում ու ծածանում այն: Լուսանկարը Facebook սոցիալական կայքում տեղադրելուց հետո ընդամենը րոպեների ընթացքում տարածվել է, ու մարդիկ այն օգտագործել են որպես իրենց էջերի գլխավոր նկար` միանալով առցանց հարթակում պայքարին:
Դեյվիդ Ջենքիս, Սիլ կղզի, Հարավային Աֆրիկա, հուլիս 26, 2013թ.:
Լուսանկարիչը պատմել է, որ արդեն 5-6 տարի է, որ մեկնում է Հարավային Աֆրիկայի ափերին գտնվող Սիլ կղզի, որպեսզի կարողանա լուսանկարել շնաձկան որսը: 2013թ.-ի հուլիսի 26-ին էր, առավոտյան 7:15 րոպեն, երբ հնարավոր եղավ ստանալ այս հրաշալի կադրը, որտեղ շնաձուկն իր հսկայական երախ բացում է փոկին կուլ տալու համար, որը հազիվ է պրծնում նրա երախն ընկնելուց:
Մոսաաբ Էլշամի, Կահիրե, Եգիպտոս, հուլիս 27, 2013թ.:
Էլշամին պատմել է, որ հուլիսի 27-ին կեսգիշերին շտապել է հրապարակ` իմանալով այն մասին, որ անվտանգության ուժերը հարձակման են ենթարկում Մորսիի կողմնակիցներին, ովքեր 2 ամիս շարունակ ցույցերով զբաղեցրել էին հրապարակը: Լուսանկարիչը պատմել է, որ այն, ինչ նա տեսել է, իսկական սարսափ էր. ամենուր վիրավոր մարդիկ, արյուն, շտապ օգնության աշխատակիցներ, ովքեր չէին հասցնում օգնել մարդկանց: Ամբողջ օդը սև ծխով ու արցունքաբեր գազով էր լցված:
Լուսանկարիչը պատմել է, որ տասներկու ժամ լուսանկարելուց հետո, անչափ հոգնած փորձել է տուն գնալ ու, ճանապարհին ճիչեր լսելով, հավաքված մարդկանց է նկատել: Երկու տղամարդ երիտասարդ տղամարդու դիակ էին գրկել, ով գլխին հրազենային վնասվածք էր ստացել: Լուսանկարի աջ մասում պատկերված տղամարդը շոկի մեջ էր ու չէր գիտակցում, որ տղամարդն, ում նա պահել էր իր ձեռքերում, մահացած էր, ու բժիշկներին էր օգնության կանչում ու խնդրում Աստծո գթությունը: Լուսանկարիչն արագ հանել է տեսախցիկն ու նկարել այդ օրը նրա կողմից արված վերջին լուսանկարը, որ, ըստ նրա, ամենահիշվողն էր: