Քաղաքացիների մոտ հաճախ թյուր կարծիք է ձևավորվում անձի ձերբակալման տևողության վերաբերյալ: Դա, ըստ էության, կարևոր է և՛ ձերբակալվածի համար` որպես իրավունքների պաշտպանության ձև, և՛ իրավապահ մարմինների համար, քանի որ այդ նորմի իրացմամբ ինչ-որ չափով նպաստում են երկրում օրինականության հաստատմանը:
Պետք է նշել, որ ձերբակալման էությունը կայանում է անձին անազատության մեջ որոշակի ժամկետով պահելու մեջ, որի արդյունքում ձերբակալվածը զրկվում է ազատությունից, ազատ տեղաշարժվելու, այլ անձանց հետ հաղորդակցվելու հնարավորությունից, ենթարկվում է խուզարկության և այլն: Ձերբակալումն ընդունված է համարել հանցավորության դեմ պայքարի «առաջին գիծը»: Այս կապակցությամբ ձերբակալման կոնկրետ տևողությունը սահմանված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ գործող օրենսդրությամբ: ՀՀ Սահմանադրության 16 հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե ձերբակալված անձը ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման: Նույնաբովանդակ նորմ է պարունակում նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129 հոդվածի 2-րդ մասը, ըստ որի՝ ձերբակալումը չի կարող տևել արգելանքի վերցնելու պահից 72 ժամից ավելի: Ձերբակալվածին արգելանքի վերցնելու պահից 72 ժամվա ընթացքում պետք է մեղադրանք առաջադրվի: Կասկածյալին նշված ժամկետում կարող է մեղադրանք չառաջադրվել, եթե նա արգելանքի վերցվելու պահից 72 ժամվա ընթացքում իր նկատմամբ անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց կիրառելու կամ խափանման միջոց չընտրելու հետևանքով ազատվել է արգելանքից:
Ինչ վերաբերում է ձերբակալվածին ազատելուն, ապա դա կատարվում է հիշյալ օրենսգրքի 132 հոդվածով սահմանված կարգով, մասնավորապես` ձերբակալվածը, վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, ենթակա է ազատման, եթե`
1) չի հաստատվել անձի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու մասին կասկածը,
2) բացակայում է անձին արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը,
3) լրացել է ձերբակալման` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը, և դատարանը մեղադրյալին կալանավորելու մասին որոշում չի կայացրել:
132 հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում կասկածյալին կարող է ազատել նաև հետաքննության մարմնի ղեկավարը, իսկ նույն մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում կասկածյալին ազատում է ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարը: Ձերբակալումից ազատված անձը չի կարող կրկին ձերբակալվել նույն կասկածանքով:


Ավետիք Հարությունյան