ԱԺ-ում այսօր լրագրողների հարցերին պատասխանեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, նշելով թե երբ 2013թ. հուլիսի 7-ին տարիֆները հաստատվեցին, ըստ որի՝ գազի գինը սահմանի վրա լինելու է 189 դոլար, ՀՀ կառավարությունը դիմեց կարգավորող հանձնաժողովին, որպեսզի հաշվարկեն տարբերությունը:
«Այսօր լուծումները գտնված են, և գազի գինը փոփոխության ենթակա չէ առաջիկա տարիներին»,- ասաց նա: Դիտարկմանը, թե ՀՀ կառավարությունը խոստացել էր սուբսիդավորել այն, Արմեն Մովսիսյանն այսպես արձագանքեց. «Այո՛, «ՀայՌուսգազարդի» հայտը եղել է 170 դոլար: Կառավարությունը դիմեց կարգավորող հանձնաժողովին, որ 270 դոլարի և 189-ի տարբերության խնդիրը կառավարությունը վերցնի իր վրա, որպեսզի հանձնաժողովը գազի սակագները հաշվի առնի սպառողի վրա 189 դոլար, և այդպես էլ հանձնաժողովը վարվել է: Այն տարիֆները, որոնք այսօր ուժի մեջ են, հաշվարկված են 189 դոլար գազի գնով»:
Այն հարցին, թե ինչո՞ւ էր Հայաստանը թաքցնում 155 մլն դոլարի պարտքի առկայությունը, Արմեն Մովսիսյանը պատասխանեց. «Որևիցե մեկը որևէ բան չի թաքցրել: Բանակցային պրոցես էր ընթանում, միշտ ասել ենք, որ գալու է պահը, հայտարարելու ենք: Այդ 300 միլիոնն այս բանակցությունների արդյունքում է, կարող էր ավելի մեծ լինել:
Հարցին, թե ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը երեկ իր հարցազրույցում հայտարարել էր, թե «ՀայՌուսգազարդ»-ում ՀՀ-ի 20 տոկոս բաժնեմասը տրվում է «Գազպրոմին»՝ 30 տոկոս սուբսիդավորման դիմաց և ինչո՞վ է պայմանավորված նրանց հայտարարությունների հակասությունը, նախարարը պատասխանեց. «Իմ բացատրությունը հետևյալն է. 2011-2018թթ. ինչ բեռ է առաջանում, որ մայիսին ինչ լուծում է տրվում, այդ թվում այս 20 տոկոսը ինչի՞ համար է տրվում: Մեր ասածների մեջ որևէ հակասություն չկա»: Հարցին, թե՝ «ՀայՌուսգազարդ»-ում ունեցած 20 տոկոսի վաճառքը կապ չունի՞ այդ սուբսիդավորման հետ, Արմեն Մովսիսյանը պատասխանեց. «Այո՛, այո՛»: