ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կառավարության անդամներին հարցրեց, թե, եթե այդքան «գովերգում են» կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգը, ապա կառավարությունը կարո՞ղ է պատասխանել, թե կառավարության ներկայացուցիչներից և նրանց մերձավորներից ո՞ր մեկն է կամավոր կատարել այդ վճարումները:

«Ակնկալում եմ ոչ «միավանկ» բառից կազմված և ավելի ողջամիտ պատասխան»,-նախապես նշեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Սակայն, քանի որ ԱԺ հարցուպատասխանի ժամանակը արդեն սպառված էր, կառավարությունը չհասցրեց պատասխանել:

Սակայն նիստ վարող ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ իրենից աջ նստած ԲՀԿ-ն 2010-ին կողմ է քվեարկել կուտակային կենսաթոշակային օրենքին: