Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են ընդդիմության հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ ամենասուր հարցերը, այդ թվում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը քննարկելու համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը ուկրաինական «Пятый канал» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
«Ես հնարավոր եմ համարում, որ երբ մենք նստենք բանակցությունների սեղանի շուրջ, այսպիսի առաջարկություններ (նախագահի արտահերթ ընտրություններ) կարող են հնչել: Ես գտնում եմ, որ մենք պատրաստ ենք դրանք քննարկել»,- ասել է Արբուզովը:
Միաժամանակ նա խուսափել է պատասխանից, թե արդյոք անձամբ ինքը հնարավոր է համարում երկրի նախագահի արտահերթ ընտրությունների փաստը: Ուկրաինայի նախագահի հաջորդ ընտրությունները պետք է տեղի ունենան 2015 թվականի մարտին:
Ավելի վաղ Ուկրաինայի փոխվարչապետ Նիկոլայ Ազարովը առաջարկել էր ընդդիմությանը ներգրավել ԵՄ-ի Ասոցացման համաձայնագրի բանակցություններին, ինչպես նաև մասնակցել Եվրամայդանում հանրահավաքի ցրման հետաքննությանը:
Միաժամանակ ընդդիմության ակտիվիստները գիշերվանից պիկետ են անում ուժայինների բազայի մոտ, որպեսզի թույլ չտան նրանց տեղափոխվել Կիևի կենտրոն Եվրամայդան:
Այսպես վարորդները իրենց ավտոմեքենաներով արգելապատել են «Բերկուտ» հատուկ նշանակության բազան:
Հանրահավաքները շարունակվում են նաև կառավարության շենքի մոտ: